
Ի՞նչ խնդիրներ պետք է փորձի լուծել ՀՀ-ում անցկացվող COP17-ը․ Reuters
Այս շաբաթ Հայաստանում են հավաքվում համաշխարհային առաջնորդներ, դիվանագետներ և բնության պահպանության փորձագետներ՝ գնահատելու կենսաբազմազանության կորուստը կասեցնելուն ուղղված դանդաղ ընթացող ջանքերը։ Երկրները հետ են մնում գլոբալ նպատակների մեծ մասի իրագործումից, իսկ ֆինանսավորման շուրջ առկա տարաձայնությունները դեռևս լուծված չեն. գրում է Reuters-ը։
ՄԱԿ-ի «Կողմերի համաժողովի» (Conference of the Parties) 17-րդ նստաշրջանը, որը հայտնի է որպես COP17, «Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի» (Kunming-Montreal Global Biodiversity Framework) շրջանակում առաջընթացի առաջին խոշոր գնահատումն է։ 2022 թվականին ընդունված այս կարևորագույն համաձայնագիրը նպատակ ունի մինչև 2030 թվականը պաշտպանության տակ առնել ցամաքի և ծովային տարածքների 30%-ը։ Կլիմայական հարցերին նվիրված COP31-ը կմեկնարկի նոյեմբերի 9-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Թեև ակնկալվում է, որ մինչև 2030 թվականն աշխարհը կհասնի ցամաքային տարածքների մոտ 27,5%-ի պաշտպանությանը, գիտնականները նշում են, որ կենսաբազմազանության կորուստը կասեցնելու համար անհրաժեշտ ավելի լայն նպատակների իրագործումը դեռևս բավականին հեռու է ցանկալի արդյունքներից։ Էկոհամակարգերի վատթարացումը՝ պայմանավորված թունաքիմիկատների կիրառմամբ, ոչ կայուն ձկնորսությամբ և բնությանը վնաս հասցնող գործունեության այլ տեսակների սուբսիդավորմամբ, սպառնալիքի տակ է դնում պարենային արտադրությունը, ջրային անվտանգությունը և տնտեսական կայունությունն ամբողջ մոլորակում։
ՄԱԿ-ի զեկույցի նախագծի համաձայն՝ երկրները ներկայում հետ են մնում «Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային համաձայնագրով» սահմանված 23 նպատակներից 22-ի իրագործումից։ Թեև ՄԱԿ-ի տվյալներով՝ 144 երկիր (այդ թվում՝ Բրազիլիան և Չինաստանը) արդեն իսկ մշակել է գործողությունների ծրագրեր, սակայն դեռևս հստակ չէ, թե ով և որքան գումար կհատկացնի 30 միլիարդ դոլարի հանրային ֆինանսավորման նպատակին։ Այս հարցն առանցքային տեղ կզբաղեցնի Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող երկշաբաթյա բանակցություններում։ Ընդհանուր նպատակն է՝ մինչև 2030 թվականը տարեկան մոբիլիզացնել առնվազն 200 միլիարդ դոլար։
«Սա, առաջին հերթին, բնության պահպանության մասին պատմություն չէ։ Սա տնտեսական, ֆինանսական, քաղաքական և մրցունակությանն առնչվող պատմություն է, որը հիմնված է կայունության (դիմակայունության) և ռեսուրսային անվտանգության վրա»,- նշել է Business for Nature («Բիզնեսը՝ հանուն բնության») շահույթ չհետապնդող կազմակերպության գործադիր տնօրեն Եվա Զաբեյը։


