
Համացանցային ազատությունը գլոբալ մակարդակով նվազել է 16-րդ տարին անընդմեջ․ Freedom House
Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատություն համացանցում 2026» (Freedom on the Net 2026) զեկույցը։
Համացանցային ազատությունը գլոբալ մակարդակով նվազել է 16-րդ տարին անընդմեջ։
Հայաստանն այս վարկանիշում հնարավոր 100 միավորից վաստակել է 72-ը։ Ընդ որում՝ «Ազատություն համացանցում 2026»-ում Միացյալ Նահանգները հավաքել է 73 միավոր։
Իրանը հայտնվել է համացանցային ազատության տեսանկյունից աշխարհի ամենավատ վիճակում գտնվող երկրների շարքում՝ դրսևորելով իրավիճակի ամենազգալի վատթարացումը դիտարկվող ժամանակահատվածում։ Դա պայմանավորված էր նրանով, որ հունվարին իշխանությունները ճնշել են հակակառավարական բողոքի ալիքը, իսկ փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի վրա հարձակումից և ամիսներ տևած պատերազմի մեկնարկից հետո, սահմանել են առցանց գրաքննության ծայրահեղ խիստ միջոցներ։
Չինաստանն ու Մյանմարը շարունակում են մնալ աշխարհում ամենավատ պայմաններն ունեցող երկրների թվում, մինչդեռ Էստոնիան, առցանց միջավայրի առումով, ամենաազատ երկիրն է։
Ռուսաստանում նախագահ Պուտինն ամրապնդել է վերահսկողությունն ինտերնետ ծառայություններ մատուցողների (ISP) նկատմամբ՝ ապահովելու պետության կողմից հավանության արժանացած կայքերի հասանելիությունը համացանցի անջատումների ժամանակ, մինչ իշխանությունները սահմանափակումներ են կիրառում կապի հասանելիության նկատմամբ ամբողջ երկրում։
Տարիքային ստուգման պահանջները փոխում են համացանցի պատկերը, քանի որ աշխարհի տարբեր երկրներում ուժի մեջ են մտնում սոցիալական մեդիայից օգտվելու համար տարիքային ստուգումներ պարտադրող օրենքներ։Քաղաքականություն մշակողները մեծ թափով են առաջ մղում այս միջոցառումները՝ հատկապես այն բանից հետո, երբ 2025 թվականի դեկտեմբերին Ավստրալիայում ուժի մեջ մտավ աշխարհում առաջին օրենքը, որն արգելում է մինչև 16 տարեկան անձանց օգտվել սոցիալական մեդիայից։ Այս օրենքների կիրարկմանը զուգընթաց՝ մարդիկ բախվում են առցանց բովանդակության հասանելիության նոր խոչընդոտների, ինչպես նաև գաղտնիությանն ու անվտանգությանը սպառնացող նոր ռիսկերի։ Աշխարհի ավտորիտար առաջնորդներն արդեն իսկ փորձում են օգտագործել տարիքային սահմանափակումների պահանջները սեփական նպատակների համար։
Ըստ զեկույցի՝ արհեստական բանականության (ԱԲ) դարաշրջանում համացանցային ազատությունը պետք է ուղենիշ ծառայի։ Ինքնուրույն գործողություններ կատարող, այսպես կոչված, «գործակալային» (agentic) ԱԲ ծառայությունների արագ ներդրումն արդեն իսկ փոխակերպում է համացանցը։
Ամբողջ աշխարհում հասարակությունները ստիպված կլինեն լուծել այն հարցը, թե ինչպես վերակառուցել համացանցն՝ արձագանքելով այս փոփոխություններին։ Այդ ջանքերը պետք է ուղղված լինեն բաց փոխանակման և ազատ արտահայտվելու՝ որպես հիմնարար արժեքների պահպանմանը։


