22 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արման Սարոյանի հայցով հարուցված գործի վարույթի կարճումը կարող է ազդել Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի քրեական գործի վրա․ փաստաբան

Արման Սարոյանի հայցով հարուցված գործի վարույթի կարճումը կարող է ազդել Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի քրեական գործի վրա․ փաստաբան

Դատարանը կարևոր իրավական դիրքորոշում է արտահայտել Մայր Աթոռի դեմ Արման Սարոյանի հայցով հարուցված քաղաքացիական գործը կարճելով․ ABC Media-ի հետ զրույցում նման գնահատական տվեց փաստաբան Մարինա Ֆարմանյանը՝ արձանագրելով, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը եկեղեցական կանոնական իրավունքով կարգավորվող հարաբերություններ են, ոչ թե աշխատանքային։

«Սա շատ առանձնացող դատական ակտ է։ Դատական ակտում նշվել է, որ եպիսկոպոսի և Եկեղեցու փոխհարաբերությունները չեն կարող գնահատվել որպես աշխատանքային հարաբերություններ, դրանք եկեղեցական կանոնական իրավունքով կարգավորվող հարաբերություններ են։ Շատ հատկանշական է, որ դատարանը նաև ուխտադրությունն է ներառել դատական ակտի մեջ, որտեղ Արման Սարոյանը մեր եկեղեցական կանոնակարգով նախատեսված իր ուխտն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր Կաթողիկոսին և եկեղեցական կանոնական իրավունքին»,- ասաց նա։

Ֆարմանյանի գնահատմամբ՝ նույն դատավորի կողմից ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցն էր, որ հիմք դարձավ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդման համար։

Քաղաքացիական գործի շրջանակում դատարանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պարտավորեցրել էր չխոչընդոտել Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում պաշտոնավարմանը։

«Ինչպե՞ս կարելի է նման դատական ակտով մեղադրանք առաջադրել Կաթողիկոսին և 6 եպիսկոպոսին։ Նորմալ դատողություն ունեցող մարդու համար անհասկանալի է, որովհետև իրական իրավաբանության մեջ դա չէր կարող տեղի ունենալ, եթե մենք պետության մեջ մաքուր իրավաբանություն և իրական արդարադատություն ունենայինք»,- ասաց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական գործի վարույթի կարճումն ինքնաբերաբար չի հանգեցնում քրեական գործի կարճմանը։ Պաշտպանական կողմն արդեն միջնորդություններ է ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու և խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Ֆարմանյանն անդրադարձավ նաև Ստեփան Ասատրյանի հայցով ընթացող առանձին քաղաքացիական գործին։ Նրա խոսքով՝ այդ գործով կիրառված հայցի ապահովման միջոցի հետևանքով Ասատրյանը շարունակում է վերահսկել Հովաննավանքը։ Փաստաբանը հույս հայտնեց, որ այդ գործը ևս կհանգուցալուծվի հօգուտ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանի՝ նախկինում Գևորգ եպիսկոպոսի հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ