28 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում «հայտնաբերվել» են 5 Մոսկվա, 2 Վոլգա և ռուսական անվանումներով այլ բնակավայրեր

ԱՄՆ-ում «հայտնաբերվել» են 5 Մոսկվա, 2 Վոլգա և ռուսական անվանումներով այլ բնակավայրեր

ԱՄՆ-ում  5 բնակավայր Մոսկվա (Moscow) անունն ունի, ևս երկուսը՝ Վոլգա (Volga), կան նաև Ռուսաստան (Russia), Տոլստոյ (Tolstoy), Կրեմլ (Kremlin) անվանումներով բնակավայրեր. աշխարհագրական հետաքրքիր տեղանուններն ուսումնասիրել է РИА Новости-ն։

Մոսկվա անվանումով բնակավայրեր կան Այդահո, Փենսիլվանիա, Օհայո, Թենեսի և Կանզաս նահանգներում։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տեղական պատմական տվյալների, ՌԴ մայրաքաղաքի անունով է կոչվել թյուրիմացաբար։ Սկզբնապես բնակավայրը ցանկացել են կոչել Mosco՝ ենթադրաբար ի պատիվ իսպանացի հետազոտող Լուիս դե Մոսկոսոյի, սակայն փոստային բաժանմունքի գրանցման ժամանակ անվանմանն ավելացրել են «w»-ն՝ այն դարձնելով Moscow:

Ռուսական անվանումներ հանդիպում են նաև այլ նահանգներում։ Օկլահոմայում գտնվում է Կրեմլը (Kremlin), Ինդիանայում՝ Լադոգան (Ladoga), իսկ Այովայում և Հարավային Դակոտայում՝ Վոլգա բնակավայրեր կան (Volga): Հարավային Դակոտայում է գտնվում նաև Տոլստոյ (Tolstoy) քաղաքը, որն անվանվել է ռուս գրող Լև Տոլստոյի պատվին՝ պատմաբան Դոան Ռոբինսոնի առաջարկով, որը հետագայում մասնակցել է Ռաշմոր լեռան վրա ԱՄՆ նախագահների հուշարձանի գաղափարի մշակմանը։

Ռուսական անվանումով ամերիկյան ամենահայտնի քաղաքներից մեկը Ֆլորիդայի Սանկտ Պետերբուրգն է (St. Petersburg): Բնակավայրն անվանումը ստացել է Ռուսական կայսրությունից ներգաղթած Պյոտր Դեմենտևի շնորհիվ, որն ԱՄՆ-ում հայտնի էր որպես Փիթեր Դեմենս (Peter Demens): Ասում են, որ քաղաքի անունն ընտրելու իրավունքը նա շահել է գործընկերոջ հետ վեճում, ինչից հետո առաջարկել է բնակավայրն անվանել ի պատիվ ռուսական Սանկտ Պետերբուրգի, որտեղ ապրել է երիտասարդ տարիներին։

Ռուսական «ժառանգությունը» նկատելի է հատկապես Ալյասկայում, որը մինչև 1867-ը Ռուսական կայսրության կազմում է եղել։ Այստեղ պահպանվել են Գոլովին (Golovin), Կուպրեյանով (Kupreanof), Շիշմարյով (Shishmaref), Վրանգել (Wrangell) և Ռուսսկայա Միսսիա (Russian Mission) անվանումները, ինչպես նաև Կոտցեբուն (Kotzebue) և Փորթ Հեյդենը (Port Heiden), որոնք կապված են ռուսական ծովային արշավախմբերի և հետազոտողների հետ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ