
«Վա՛յր դրեք զենքերը, բարձրացրե՛ք աշխատավարձերը»․ Իտալիայում զանգվածային ցույցեր են
Հռոմի կենտրոնում տեղի է ունենում զանգվածային ցույց Իտալիայի կառավարության, զենքի ծախսերով «պատերազմի տնտեսության» և կենսապահովման գների աճի դեմ․ հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Մասնակիցները սկսել են հավաքվել «Տերմինի» կենտրոնական կայարանի մոտ գտնվող հրապարակում։ Ցուցարարները երթով կանցնեն պատմական կենտրոնի փողոցներով դեպի Իմպերիալ Ֆորի և Կոլիզեում։
Ակնկալվում է, որ մոտ 20․000 մարդ կմասնակցի։
USB խոշոր արհմիության կազմակերպած գլխավոր շարասյանը միացել են ուսանողներ, պաղեստինցի իրավապաշտպաններ, ձախակողմյան ակտիվիստներ և տարբեր սոցիալական շարժումների ներկայացուցիչներ, որոնք առանձին հավաքներ էին կազմակերպել ամբողջ քաղաքում։
Ցույցն անցկացվում է «Վա՛յր դրեք զենքերը, բարձրացրե՛ք աշխատավարձերը» կարգախոսով։
Ցուցարարների առջևից շարժվում է «Հացի, մակարոնեղենի և բենզինի գները բարձրանում են։ Մելոնիի կառավարությունն ավազակների կառավարություն է» պաստառով բեռնատար։


