
TRIPP-ը տարածք չունի, նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում․ Փաշինյան
ԱԺ-ում կառավարության կատարողականը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև TRIPP-ի մասին:
Նրա խոսքով՝ Կառավարությունը, մինչև հետագա գործընթացների ամբողջական կազմակերպումը, սեփական նախաձեռնությամբ կսկսի TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքների պատվիրումը։
«Այն պահին, երբ TRIPP զարգացման ընկերությունը կձևավորվի, Կառավարությունն արդեն կատարված աշխատանքները պարզապես կփոխանցի այդ ընկերությանը։ Այսինքն՝ երբ ընկերությունը պատրաստ կլինի ստանձնելու և իրականացնելու համապատասխան աշխատանքները, արդեն կունենանք նախապես կատարված նախագծային աշխատանքների որոշակի ծավալ։ Այսպիսով, կարող ենք ասել, որ գործնականում արդեն մտել ենք TRIPP նախագծի իրագործման փուլ»,- ասաց Փաշինյանը։
Նա պնդեց, որ TRIPP նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը կապաշրջափակվի բոլոր ուղղություններով, բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ բոլոր ուղղություններով ապաշրջափակումը դեռևս չի նշանակում, որ բոլոր ենթակառուցվածքները և բոլոր ուղղությունները պարտադիր պետք է լինեն TRIPP նախագծի շրջանակում կամ կազմեն դրա մասը։ Այս պահին հստակ է, որ TRIPP նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղային հատվածը։ Այդտեղ նախատեսվում են նաև էլեկտրահաղորդման գծեր և ավտոճանապարհ։
«TRIPP նախագիծը տարածք չունի։ Մենք ունենք վավերացված միջազգային պայմանագիր, որը ՀՀ-ում ունի բարձր իրավաբանական ուժ, Հայաստանի ամբողջ տարածքում՝ տարբեր հատվածներում, կարող են իրականացվել TRIPP նախագծեր։ Օրինակ՝ եթե մենք հույս ունենք կամ համոզված ենք, որ մի օր Հայաստանի տարածքով կանցնի տարանցիկ գազամուղ, ամենևին պարտադիր չէ, որ այդ գազամուղն անցնի Հայաստանի հարավով»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ էական է նաև Երասխի հատվածում մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը։ Առաջիկա 3 ամսվա ընթացքում պետք է վերջնականապես կողմնորոշվեն այս հարցում։
Գառնի Մութաֆյան


