
Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է Լոնդոնում անցկացված կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության միջազգային կոնգրեսին․ ահազանգում են՝ ո՞ւմ միջոցներով
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը՝ կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության միջազգային կոնգրեսում․ գրել է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
«Երևանի քաղաքապետարանից ստացել եմ պատասխան՝ կապված 2026 թվականի սեպտեմբերի 11–15-ը Լոնդոնում անցկացված ESCRS 2026 միջազգային կոնգրեսին Երևանի քաղաքապետարանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ իմ հարցման հետ։
Հիշեցնեմ, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և քաղաքապետարանի ենթակայության 3 բուժհաստատությունների տնօրեններ։
Քաղաքապետարանը հաստատել է, որ գործուղումն իրականացվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Միաժամանակ փորձել է հիմնավորել մասնակցությունը՝ հղում անելով կոնգրեսի Leadership, Business & Innovation, Practice Management, արհեստական բանականության և նորարարության ծրագրերին։
Բայց այստեղ սկսվում են ամենահետաքրքիր հարցերը։
Ես հարցրել էի՝
- Որքա՞ն է կազմել յուրաքանչյուր մասնակցի գործուղման արժեքը։
- Ո՞վ է վճարել ավիատոմսերի, հյուրանոցի, օրապահիկի և մասնակցության վճարները։
- Ո՞ր բյուջետային միջոցներից է ֆինանսավորվել գործուղումը։
- Կոնգրեսի կոնկրետ ո՞ր դասընթացներին և սեսիաներին են մասնակցել պատվիրակության անդամները։
- Ի՞նչ հաշվետվություն են ներկայացրել գործուղումից հետո։
- Ի՞նչ նորամուծություններ են ներդրվել Երևանի բուժհաստատություններում։
- Ի՞նչ չափելի արդյունք է տվել այդ գործուղումը։
Այս հարցերից ոչ մեկի վերաբերյալ բովանդակային պատասխան չեմ ստացել։
Փոխարենը ստացել եմ մի ուշագրավ պատճառաբանություն․ քաղաքապետարանը հայտնում է, որ բուժհաստատությունների տնօրենների համար նման տեղեկատվություն և փաստաթղթեր տրամադրելու պարտավորություն սահմանված չէ, իսկ «Առողջության իրավունք» ՀԿ-ի և բուժհաստատությունների միջև համապատասխան պայմանագիր չկա։
Հետաքրքիր իրավական մոտեցում է։
Ստացվում է՝ համայնքային ենթակայության բուժհաստատությունների ղեկավարները կարող են գործուղվել միջազգային կոնգրեսների, սակայն հանրային վերահսկողության հարցումներին պատասխանելու պարտավորությունը պայմանավորվում է ՀԿ-ի հետ պայմանագրի առկայությամբ։
Իսկ ո՞վ պետք է հանրությանը տեղեկացնի համայնքային միջոցների ծախսման մասին։
Հատկապես ուշագրավ է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի մասնակցությունը։ Ի՞նչ մասնագիտական կամ կառավարչական խնդիր էր լուծում փոխքաղաքապետը կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբույժների միջազգային կոնգրեսում։ Որքա՞ն է արժեցել նրա գործուղումը և ի՞նչ կոնկրետ արդյունք է արձանագրվել։
Ես չեմ վիճարկում միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Ընդհակառակը՝ առողջապահական համակարգը մշտապես պետք է զարգանա և կիրառի միջազգային լավագույն փորձը։
Բայց միջազգային փորձի ուսումնասիրությունը չի կարող վերածվել ինքնանպատակ գործուղումների, իսկ «փորձ ձեռք բերելու» մասին ընդհանուր ձևակերպումները չեն կարող փոխարինել հաշվետվողականությանը։
Հ.Գ. Լոնդոնը գեղեցիկ քաղաք է, բայց քաղաքապետարանը զբոսաշրջային գործակալություն չէ։ Եթե գործուղումը մասնագիտական էր, ներկայացրեք արդյունքը» ,- գրել է նա։



