
Ադրբեջան և Թուրքիա. հիջաբի, փողի և «փոքր եղբոր» հարցերը․ BBC
Ավանդաբար եղբայրական համարվող Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում առաջացած տարաձայնություններն ավելի խորն են, քան հիջաբների թեման, որոնք արգելվել է կրել ադրբեջանական դպրոցներում և ինչը վրդովմունք է առաջացրել Թուրքիայում։ Ակնհայտ է, որ Բաքուն ձգտում է դուրս գալ «կրտսեր եղբոր» կարգավիճակից։ Հնարավոր է, որ փողը նույնպես դեր է ունեցել․ գրում է BBC-ն։
Նախագահներ Էրդողանն ու Ալիևը շարունակում են միմյանց եղբայր անվանել, բայց շատերը կարծում են, որ Ադրբեջանը դժգոհ է իր «փոքր եղբոր» կարգավիճակից:
Երկրները եղել և մնում են ռազմական դաշնակիցներ: Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում, թուրքական զորքերը մարզում են ադրբեջանական զորքերին, իսկ ադրբեջանական բանակը կառուցվում է Թուրքիայի ՆԱՏՕ-յան մոդելով:
Սակայն Արցախում հաղթանակից հետո Ադրբեջանի մասին խոսվում է որպես կարևոր տարածաշրջանային խաղացողի, որն ամրապնդում է դիրքերը Հարավային Կովկասում: Վերջերս Ալիևը, կարծես անտեղյակ Թուրքիայի օգնությունից, հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ «մեզ ոչ ոք չի օգնել» և որ երկիրը զենք է գնել համաշխարհային գներով:
Երկրների միջև բառակռիվը սկսվել է հոկտեմբերին՝ թվացյալ կապ չունեցող միջադեպերով:
Ադրբեջանի ներկայացուցիչը, ինչպես Թուրքիայի և շատ այլ երկրների ներկայացուցիչները, չլքեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ։
Այնուհետև Ադրբեջանի կրթության նախարարությունն արգելեց դպրոցներում հիջաբ կրելը։ Հետագայում Էրդողանը դատապարտեց այս արգելքը, իսկ Ալիևը պնդեց, որ Ադրբեջանն ինքնուրույն է կառավարել Ղարաբաղյան պատերազմն՝ առանց արտաքին օգնության։
Սակայն ո՛չ Էրդողանը և ո՛չ էլ Ալիևն իրենց ելույթներում չեն մատնանշել Ադրբեջանը կամ Թուրքիան։ Նրանց անունից խոսել է մամուլը։
Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներում հոդվածներ են հրապարակվել այն մասին, որ Թուրքիան արդեն երկար տարիներ փորձում է Ադրբեջանն օգտագործել որպես յուրօրինակ բանկ՝ սեփական տնտեսական խնդիրները լուծելու համար։ Իսկ այդ հոդվածների տեքստերը նման են թե՛ բովանդակությամբ, թե՛ ոճական առումով։
Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերությունը՝ SOCAR-ը, Թուրքիայում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է։ Սակայն տնտեսական կախվածությունը փոխադարձ է։ Թուրքիան (Վրաստանի հետ միասին) ադրբեջանական գազի Եվրոպա տարանցման հիմնական երկիրն է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի համար գազի խոշոր մատակարար։
Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում խնդիրներ առաջ էլ են եղել։
Թուրք քաղաքագետ և եվրասիական հարցերով փորձագետ Ումիթ Նազմի Ռեդիի խոսքով՝ կոնֆլիկտի պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիայի իսլամիստական շրջանակները, չնայած ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքին դեմ լինելուն, անտեսել են այն փաստը, որ աշխարհիկության թուլացումը կարող է Ադրբեջանին ավելի բաց դարձնել իրանական ազդեցության համար, այլ ոչ թե մոտեցնել այն Թուրքիային։ Թուրքիան, վերջիվերջո, սուննի երկիր է, մինչդեռ Ադրբեջանը շիական է, ինչպես Իրանը, որի հետ Ադրբեջանը կիսում է իր ամենաերկար ցամաքային սահմանը։
Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը գրում է, որ Թուրքիայում քննադատները վատ են հասկացել, թե ինչ է կատարվում Ադրբեջանի ներսում, և կարծում են, որ նրանք նաև հաշվի չեն առել տարածաշրջանում փոփոխվող իրավիճակը Հայաստանի հետ 44-օրյա պատերազմից հետո։
Ինչպես նկատում է գործակալությունը, իրականում, տարածաշրջանային խոշոր խաղացողներ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան զբաղված են իրենց սեփական խնդիրներով, և այս ֆոնին Ադրբեջանը փորձում է ավելի մեծ անկախություն ձեռք բերել։
Սակայն այս խոսքերին նախորդել են մի շարք սկանդալներ, որոնք անանուն ուժերի ձեռքի գործը չեն, այլ հենց կառավարությունների և նրանց կողմից վերահսկվող լրագրողների։


