
ԱՄՆ-ից Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ առաջարկ չենք ստացել. Զելենսկի
Սպիտակ տունը Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չի ներկայացրել. BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«ԱՄՆ նախագահից հստակ առաջարկ չեմ լսել այն մասին, թե արդյոք ցանկանում են Ուկրաինան տեսնել ՆԱՏՕ-ում»,-նշել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ուկրաինայի համար անվտանգության իրական երաշխիքներ կապահովի և երկրի վերականգնման համար ազդակ կհանդիսանա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ներկայումս բանակցությունների ընթացքում քննարկվում են Ուկրաինայի անվտանգության ապահովման մեխանիզմները, սակայն երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն առայժմ չի շոշափվում։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պետք է հստակ պատկերացնի, թե անվտանգության ինչ երաշխիքներ է ստանալու, ինչ կազմի և թվաքանակի ուժեր են ներգրավվելու երկրի պաշտպանության համար, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում քանի օտարերկրյա զինծառայող կարող է տեղակայվել Ուկրաինայի տարածքում։


