Լևս Դավթյանը և Անի Ղազարյանը հեռացել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից
Դերասաններ Լևս Դավթյանը և Անի Ղազարյանը իրենց դիմումների համաձայն հեռացվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից։ Այս մասին դերասանները հայտնել են սոցցանցերի իրենց էջերում՝ ընդգծելով, որ չեն պատրաստվում աշխատել թատրոնի նոր ղեկավարության հետ՝ թատրոնի արդեն նախկին ղեկավար Մհեր Մկրտչյանի հեռացումից հետո։
«Ազատմանս դիմումը գրեցի…մեծ ցավ եմ ապրում, որ լքում եմ հարազատ թատրոնս` տունս…» ,-գրել է Մհեր Մկրտչանի անվան թատրոնի դերասան Լևս Դավթյանը։
«Մհերն ա ինձ բերել թատրոն, լավագույն դերերիս մեջ մեծ ամակ ունի ինքը, ու Մհերին հեռացնելուց հետո բարոյական չեմ համարում իմ հետագա աշխատանքը մեր թատրոնում…
Սրանք մի օր գնալու են, իրենց ծառայող աղբին էլ քամին սրբելու ա, տանի… դեռ կվերադառնանք ու դեռ կտեսնենք` ով ինչ կորցրեց…
Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մինչ հանդիպում…»,-գրել է դերասանը։
Դերասանուհի Անի Ղազարյանը ևս այլևս հանդես չի գա «Մհեր Մկրտչան» արտիստական թատրոնում։
«Ազատման դիմում գրեցի ….
Դժվար էր, ծանր, բայց բարոյական …
Ու էդպես կլինի միշտ ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք…
Հ.Գ. կներես Մուշեղիչ… մի օր ամեն ինչ լավ կլինի….»,- սոցցանցի իր էջում գրել է Անի Ղազարյանը։
Նշենք, որ Անի Ղազարյանը թատրոնի արդեն նախկին տնօրեն, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինն է։
Մհեր Մկրտչյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշում կայացրել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ռեժիսորն օրեր առաջ այդ կապակցությամբ գրել էր․
«Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ավինյանին` ինձ թատրոնից հանելու համար: Անկեղծ:
Ավինյան, հրաշք ա, երբ քեզ 2 կոպեկով ծախում ա ժպ դարձած մի բիձուկ ու հրաշք ա, երբ դա անում են նրանք, ում դու տվել ես շանս, հնարավորություն, ուղետոմս… Էլի շատ էժանով)))..
Հրաշք ա, երբ կոլեգաներդ, ում դու ժամանակին հասել ես օգնության, հիմա լռում են՝ կարծես դու երբեք չես եղել իրանց ճանապարհիին…
Էս ամենը մեծ նվեր ա սցենարիստի համար:
Ավինյան, դու գիտես, որ ԷՍՕՐ ես դատը դժվար թե հաղթեմ)))..
Բայց նաև գիտես, որ հետո գալիս ա ՎԱՂԸ` այն օրը, երբ կսկսեն ծախել քեզ, իսկ Մհեր Մկրտչյան թատրոնը նորից ԿԱՊ ԿՈւՆԵՆԱ Մկրտչյան ազգանվան հետ:
Հ.Գ. – Ես էլ գիտեմ)))..»։