22 Դեկ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի հայտարարությունները հակապետական են, իսկ «մեսիջները» ուղղված են Բաքվին ու Անկարային․ քաղաքագետ

Փաշինյանի հայտարարությունները հակապետական են, իսկ «մեսիջները» ուղղված են Բաքվին ու Անկարային․ քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երեկ գրեթե սինքրոն հայտարարեցին՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր Սահմանադրություն, որպեսզի երկու երկրների միջև խաղաղություն հաստատվի։ 

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայկական արժեքներին ու ինքնությանը։  Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով՝  Փաշինյանի այս հայտարարության «մեսիջները» առաջին հերթին թշնամիներին էին ուղղված։

«Սա ուղղված էր Բաքվի և Անկարայի սուլթաններին, ովքեր վստահաբար պահանջներ են դրել Փաշինյանի և իր իշխանության առաջ։ Իսկ նրանք էլ բավականին ճշգրտորեն փորձում են իրենց վրա դրված պարտավորություններն իրագործել»,- ABC media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։ 

Ըստ Պողոսյանի՝ Փաշինյանը փորձում է ինքն իրեն ապահովագրել։ 

«Ալիևի երեկվա հայտարարության մեջ մեսիջ կար, որ Հայաստանը գնում է իրենց դրած պահանջների կատարման ճանապարհով։ Երբ Փաշինյանը խոսում էր, որ պետք է ազգային երազանքից և պատմական արդարությունից հրաժարվենք, սա ուղղված էր Հայոց ցեղասպանությանը և Արցախի Հանրապետության գոյությանը։ Սրանով Փաշինյանը մեսիջ էր ուղղում Անկարա և Բաքու, որ ինքը հանձնառուն է և կատարում է իր վրա վերցված պարտավորությունները»,-նշեց նա։ 

Քաղաքագետն ասում է, որ սա որպես հայամետ և պետականամետ մոտեցման դրսևորում ներկայացվում է հանրությանը, մինչդեռ դրանք ապազգային, հակապետական հայտարարություններ են։ 

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայոց բանակը պիտի անվանվի Հայաստանի Հանրապետության բանակ, քանի որ հայոց բանակ նշանակում է հայերի բանակ, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներին պետք չէ բանակ, քաղաքագետն ասում է՝ սա հարված է հայկական Սփյուռքին։ 

«Տարիներ շարունակ Թուրքիան, իսկ հիմա նաև Ադրբեջանը մեզ և Սփյուռքին մեղադրել են, որ վերջինս Հայաստանին հնարավորություն չի տալիս Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Տարիներ շարունակ Սփյուռքը եղել է թուրքական իշխանությունների թիրախը։ Մշտապես աշխատանք է տարվել թուլացնելու Սփյուռքը, Հայաստանից տարանջատելու այն։ Սփյուռքն այս ամբողջ հատվածում եղել է պահանջատիրության ամենակարևոր կենտրոններից մեկը։ Հիմա փորձ է արվում աշխարհասփյուռ հայությանը տարանջատել Հայաստանից և հակադրել Հայաստան ու հայկական շահ ասվածները»,-եզրափակեց Արա Պողոսյանը։