25 Նոյ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակումը և բնակչության՝ հայրենիք վերադառնալու իրավունքը

ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակումը և բնակչության՝ հայրենիք վերադառնալու իրավունքը

ԱՄՆ մի խումբ սենատորներ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը և Արցախի բնակչության՝ հայրենիք վերադառնալու իրավունքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ նման կոչով հանդես են եկել սենատորներ՝ Էդ Մարկին (դեմոկրատ՝ Մասաչուսեթսից), Բիլ Քեսիդին (Հանրապետական՝ Լոս Անջելեսից), Թոմ Թիլիսը (Հանրապետական՝ Հյուսիսային Կարոլինայից) և Գարի Փիթերսը (դեմոկրատ՝ Միչիգանից)։

Սենատորներն ընդգծել են, որ Ադրբեջանն աննշան տույժեր է կրել միջազգային հանրությունից՝ կապված Արցախի նախկին ղեկավարների և այլ պաշտոնյաների շարունակական կալանքի տակ պահելու համար։

«Բայդեն-Հարիսի վարչակազմի անկարողությունն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի և հայ բանտարկյալների ու քաղաքական առաջնորդների շարունակական կալանքի տակ պահելու համար ոչ միայն խաթարել է կայուն և արդար խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, այլև քաջալերել Է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման աճող սպառնալիքները», – հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն՝ Արամ Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով նամակի հեղինակ սենատորներին վարչակազմի վրա ճնշում գործադրելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչի համար։

Նրա պնդմամբ՝ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում պետք է համապատասխանի արցախահայության՝ իրենց հայրենի հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու հիմնարար իրավունքներին:

Նամակում, որտեղ կոչ է արվում Պետքարտուղարությանը Արցախում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտում, ընդգծվում է անհրաժեշտությունը, որ Բայդենի վարչակազմը վճռականորեն պաշտպանի և ապահովի հայերի՝ միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու իրավունքը:

Թեև Բայդենի վարչակազմը մի քանի հրապարակային հայտարարություններով պաշտոնապես հաստատել է Աչցախի բնակչության վերադարձի իրավունքը, այդուհանդերձ որևէ շոշափելի գործողություն չի ձեռնարկել՝ ապահովելու համար այն անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ապահովվի նաև հայերի՝ հետապնդումներից զերծ լինելն այն դեպքում, եթե նրանց թույլատրվի վերադառնալ իրենց տները:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը՝ սենատորները նշել են, որ Արցախի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի փորձերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»:

Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Արցախի ներկա և նախկին առաջնորդների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանի և այլոց շարունակական ապօրինի կալանքի տակ պահելը: