10 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես HR-ն եմ, դուք եկել եք ինտերվյուի․ Ռուբինյան-Վարդևանյան բանավեճն ԱԺ-ում

Ես HR-ն եմ, դուք եկել եք ինտերվյուի․ Ռուբինյան-Վարդևանյան բանավեճն ԱԺ-ում

Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահի լիազորությունների և նիստը նախագահելու կարգի շուրջ բանավեճ է ծագել։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու փոխնախագահի պաշտոնում ընտրվող Արամ Վարդևանյանը տարբեր կերպ են մեկնաբանել խորհրդարանի կանոնակարգը։ Ռուբինյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի լիազորություններին, նշել է, որ կանոնակարգով փոխնախագահը ԱԺ նախագահի հանձնարարությամբ փոխարինում է նրան կամ իրականացնում խորհրդարանի բնականոն գործունեությանն ուղղված այլ հանձնարարություններ։ Նրա խոսքով՝ օրենքում նիստը նախագահելու մասին դրույթ չկա։

«Տեսեք, քանի որ սա կարելի է համարել՝ ես HR-ն եմ, հիմա դուք եկել եք ինտերվյուի։ Հստակ աշխատանքի նկարագրությունը հետևյալն է՝ Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ փոխարինում է Ազգային ժողովի նախագահին կամ իրականացնում է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ։ Նիստի մասին խոսք չկա։ Եթե ասելիք ունեք՝ խնդրեմ, եթե չէ՝ անցնենք քվեարկությանը»,- ասել է Ռուբինյանը։

Ռուբինյանի այս ձևակերպմանը հակադարձել է Արամ Վարդևանյանը։ Նա պնդել է՝ նշված դրույթը վերաբերում է նաև նիստը նախագահելու կառուցակարգին և ընդգծել, որ իր դիրքորոշումը հիմնված է ոչ միայն քաղաքական, այլև մասնագիտական մոտեցման վրա։

«Կարծում եմ՝ ձեր մասնագիտացումը իրավունքի ոլորտում չէ։ Երբ ես ընդգծում եմ, որ նշված դրույթը վերաբերում է նիստը նախագահելու կառուցակարգին, հավատացած եղեք՝ այդ պնդումը կատարում եմ ոչ թե պարզապես երկու ընդդիմադիր խմբակցությունների, այսինքն՝ հարյուր հազարավոր մեր հայրենակիցների քվեի տեսանկյունից իրացվող սահմանադրական պաշտոնի տեսանկյունից, այլ նաև մասնագիտական գիտելիքների»,- հայտարարել է Վարդևանյանը։

Վարդևանյանը նաև քննադատել է խորհրդարանի փոխնախագահի լիազորությունները «HR-ի» համատեքստում ներկայացնելու մոտեցումը՝ ընդգծելով, որ ԱԺ ինստիտուտը պետք է դիտարկել պառլամենտարիզմի շրջանակում։

«Եթե կլինի դրա վերաբերյալ անհամաձայնություն, վստահ եմ՝ նշվածի վերաբերյալ կարող է լինել նաև մասնագիտական քննարկում։ Ընդհանրապես կարծում եմ՝ նաև մեր հայրենակիցները ոչ թե պատկերացնում են Ազգային ժողովի ինստիտուտը HR-ի և այլ կոնտեքստում, այլ իսկապես պառլամենտարիզմի կոնտեքստում»,- ասել է նա։

Ռուբինյանն իր հերթին կրկին պնդել է, որ կանոնակարգի համապատասխան դրույթը հստակ է և դրա մեկնաբանության համար պարտադիր չէ իրավաբան լինել։

«Կանոնակարգ սահմանադրական օրենքում ինչ գրված է՝ հստակ է գրված։ Չգիտեմ՝ դուք իրավաբան եք, ընդհանրապես պետք չի իրավաբան լինել, որպեսզի մեկ նախադասություն հայերեն մարդ կարողանա կարդալ և այն մեկնաբանել»,- պատասխանել է ԱԺ նախագահը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026