
35 տարի անկախություն․ ինչպե՞ս կառուցվեց հայկական պետականությունը
1991 թվական։ Անկախ Հայաստանը սկսում է իր պատմությունը ոչ թե պատրաստ պետական համակարգով, այլ այն ստեղծելու անհրաժեշտությամբ։ Պետք էր կառուցել բանակ, պետական կառավարման համակարգ, դիվանագիտական ծառայություն, սեփական ֆինանսական համակարգ։ Եվ այդ ամենը՝ պատերազմի, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի ու տնտեսական փլուզման պայմանում։
Առաջին տարիները դարձան պետության գոյատևման և միաժամանակ դրա հիմքերը դնելու շրջան։ «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը շեշտում է՝ այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր չափազանց ծանր վիճակում։
«Խորհրդային Միության փլուզումն իր հետ բերում էր տնտեսական կապերի խզում՝ միութենական հանրապետությունների և հատկապես Ռուսաստանի հետ։ Խորհրդային տնտեսությունն այնպես էր կառուցված, որ արդյունաբերական համակարգերը փոխկապակցված էին․ արտադրության տարբեր բաղադրիչներ ստեղծվում էին տարբեր հանրապետություններում։ Հայաստանը, լինելով ինդուստրիալ երկիր, այդ առումով ինքնաբավ չէր և չէր կարող նույն ծավալով շարունակել իր արդյունաբերական արտադրությունը։ Դրան գումարվեց ավերիչ երկրաշարժը, որը հազարավոր զոհերի, վիրավորների, անօթևանների և, իհարկե, նաև խոր հոգեբանական տրավմաների պատճառ դարձավ։ Եվ այդ ամենին գումարվեց նաև պատերազմը։ 1991 թվականի սեպտեմբերին արդեն ինտենսիվ ռազմական գործողություններ էին ընթանում, իսկ Ադրբեջանը դեռևս մայիսից ակտիվացրել էր ռազմական գործողությունները Հայաստանի և Արցախի ուղղությամբ։ Այս ծանր պայմաններում հայ ժողովրդի քաղաքական միտքը կարողացավ հասնել անկախ պետականության վերականգնմանը»,- ասել է Սողոմոնյանը։
Առաջին և ամենակոշտ պահանջը անվտանգությունն էր։ Նոր պետությունը պետք է ստեղծեր զինված ուժեր՝ այն պայմաններում, երբ պատերազմն արդեն ընթանում էր։ Միայն զինվոր ունենալը բավարար չէր։ Պետք էր ստեղծել հրամանատարություն, կապ, մատակարարում, ռազմական պատրաստություն, տեխնիկական սպասարկում և կառավարման համակարգ։
«Պետական որոշ ինստիտուտներ, իհարկե, ավելի վաղ ժամանակներից էին ձևավորված, և նոր պետությունը կառուցվում էր նաև դրանց հիմքի վրա։ Բայց որոշ կառույցներ պետք էր ստեղծել գրեթե զրոյից։ Դրանցից ամենակարևորը բանակն էր։ Անկախության պահպանման կարևորագույն չափանիշներից մեկը սեփական զինված ուժեր ունենալն է, և մեր ժողովուրդը, կրկին ծանր գին վճարելով, պատերազմի պայմանում կարողացավ ստեղծել և կայացնել այդ ինստիտուտը»,- նշել է Մենուա Սողոմոնյանը։
Բանակը պետության անկախության պահպանության կարևորագույն բաղադրիչն է, բայց ոչ միակը։ Զուգահեռ պետք էր ձևավորել արտաքին աշխարհում Հայաստանի շահերը ներկայացնող դիվանագիտական համակարգ։ Ինչպես բանակը ձևավորվեց պատերազմի պայմանում, նույն ճանապարհն էր անցնում նաև արտաքին դիվանագիտական ինստիտուտը, շեշտել է Մենուա Սողոմոնյանը։ 1992 թվականին Հայաստանը նաև դարձավ ՄԱԿ-ի անդամ։ անկախության առաջին տարիներին դիվանագիտությունը լուծում էր միանգամից երկու խնդիր՝ ստեղծել պետական ինստիտուտ և աշխարհին ներկայացնել նոր պետությունը։
«Թեև անկախության սկզբնական շրջանում արտաքին քաղաքականության և դիվանագիտության մասնագիտական դպրոցը դեռևս զարգացած չէր, այդ ուղղությունը ևս աստիճանաբար կայացավ։ Կարևորագույն ձեռքբերումներից մեկը անկախ պետականության պայմաններին համապատասխան արտաքին դիվանագիտական ապարատի ձևավորումն էր։ Այդ ապարատն իր առջև ուներ հստակ նպատակ՝ տվյալ ժամանակաշրջանում մեր ժողովրդի առաջ ծառացած կարևորագույն խնդրի՝ Արցախի հիմնախնդրի, հայանպաստ լուծմանը հասնելը և Հայաստանի շահերը միջազգային հարթակներում ներկայացնելը»,- ասել է «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամը։
Անկախության առաջին տարիներին պետությունը միաժամանակ կառուցում էր և՛ իր պաշտպանական, և՛ արտաքին քաղաքական գործիքները։ Բայց պետականության կայացման ճանապարհը միայն բանակով ու դիվանագիտությամբ չէր սահմանափակվում։ Պետք էր ձևավորել նաև պետական կառավարման մշակույթ, կրթական համակարգ, տնտեսություն և այնպիսի ինստիտուտներ, որոնք կկարողանային աշխատել ոչ միայն ճգնաժամի, այլև հարաբերական խաղաղության պայմանում։
«Մյուս կարևոր ուղղությունը կրթությունն է։ Առանց կրթության, առանց հանրության աշխարհայացքային և արժեքային կարևոր հիմքերի ձևավորման ու պահպանման, հնարավոր չէ ապահովել պետական մարմինների և ինստիտուտների շարունակականությունն ու վերարտադրությունը։ Կրթական ինստիտուտներն այստեղ նույնպես կարևորագույն նշանակություն ունեն։ Թեև անկախացումից հետո որոշակի խարխլումներ տեղի ունեցան, այդուհանդերձ, այս ոլորտում ևս կարողացանք դիմակայել առաջացած մարտահրավերներին»,- համոզված է Սողոմոնյանը։
1991-ից սկսված պետականաշինությունը մեկ փուլով չի ավարտվել։ Նախ առաջնային էր պահել պետությունը ու ստեղծել հիմնական ինստիտուտները, հետո՝ զարգացնել դրանք։ Բայց 35 տարիները ցույց տվեցին նաև, որ ինստիտուտների գոյությունը դեռ բավարար չէ․ ճգնաժամերը ստուգում են դրանց իրական կարողությունը՝ դիմակայելու և գործելու։ Պետությունը կառույցների հավաքածու չէ։ Պետությունը կարողություն է՝ որոշում ընդունելու, այդ որոշումը իրականացնելու և ճգնաժամի պահին գործելու։
Գառնի Մութաֆյան


