ABCMEDIA
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չորս դրույթ է խախտել. Բյորն Շիֆբաուեր

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չորս դրույթ է խախտել. Բյորն Շիֆբաուեր

Լեռնային Ղարաբաղն ընկալվում է որպես Ադրբեջանի մաս, սակայն
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների հանդեպ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը
կարող է իրացվել միայն միջազգային իրավունքի շրջանակում։ Այս մասին այսօր՝
հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Արցախում
հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ասել է
Գերմանիայի Ռոստոկի համալսարանի հանրային իրավունքի, եվրոպական և միջազգային
իրավունքի պրոֆեսոր դոկտոր Բյորն Շիֆբաուերը:

«Լեռնային Ղարաբաղի
բնակիչների դեպքում չկա որեւէ իրավական հիմնավորում, որն Ադրբեջանին թույլ կտար
անտեսել միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։ Իսկ որո՞նք են
այդ պարտավորությունները։ Միջազգային պայմանագրերի իրավունքով սահմանված է, որ
պետությունները պետք է ենթարկվեն միջազգային այն դատարանների որոշումներին, որոնց
իրավասությունը նրանք ընդունել են։ Լեռնային Ղարաբաղի հարցում երկու միջազգային
դատարան ունի իրավասություն և Ադրբեջանի համար պարտադիր կատարման ենթական
որոշումներ ընդունելու իրավունք։ Դրանք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
եւ Արդարադատության միջազգային դատարանը։ Երկուսն էլ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ
միջոց են կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով իր իրավասության տակ գտնվող բոլոր
միջոցներով ապահովել երկու ուղղությամբ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Միաժամանակ, ուզում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մեծ մասը
հեռացել է տարածքից ու Հայաստան մտել Լաչինի միջանցքով։ Սակայն ըստ առկա
տեղեկատվության, Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ոչ անձանց, ոչ էլ որևէ մատակարարման
անցում Ադրբեջանը չի ապահովել և չի ապահովում։ Այսպիսով, Ադրբեջանը առնվազն երկու
ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու պահանջը չի կատարել»,– ասել է
Շիֆբաուերը։

Նա ընդգծել է, որ այս
երկու որոշումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության
իրավունքներին, որոնք երաշխավորված են միջազգային իրավունքի՝ ժողովուրդների
իրավունքների հավասարության և ինքնորոշման սկզբունքներով։ Բացի դրանից, նրա
խոսքով, ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Եվրախորհրդի
շրջանակային կոնվենցիան, որին միացել է նաև Ադրբեջանը, այս համատեքստում հստակ
իրավունքներ է սահմանում։

«Ինքնորոշման իրավունքն
այսօր նախատեսում է անկախ կազմակերպության ինքնավարության որոշակի իրավունքներ
իրավասություն ունեցող երկրի, այս դեպքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։
Այդուհանդերձ, միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշումը չի ենթադրում ուժի
կիրառմամբ ինքնիշխանության դադարեցում։

Ավելին, Լեռնային
Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անհատները պաշտպանված են մարդու իրավունքների և
մարդասիրական միջազգային օրենքներով։ Էթնիկ հայ բնակչության մասով ամենահամարժեք
իրավական շրջանակը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է, հոդվածը 2-ը՝
կյանքի իրավունքի վերաբերյալ, հոդված 3-ը՝ խոշտանգումների, անմարդկային կամ
արժապատվությունը նվաստացնող վերաբերմունքը արգելելու վերաբերյալ, հոդված 6-ը՝
արդար դատավարության իրավունքի վերաբերյալ, հոդված 8-ը՝ մասնավոր և ընտանեկան
կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը, որն ամենակարևորներից է Լաչինի միջանցքում
ստեղծված իրավիճակի առումով։

Լաչինի միջանցքի
շրջափակումը վտանգում էր շատ մարդկանց կյանքեր և անմարդկային վերաբերմունք էր,
դրանով Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ
հոդվածները։ Բացի մարդու իրավունքներից, Միջազգային քրեական իրավունքի որոշ
դրույթներ նույնպես այստեղ կիրառելի են։ Այս պահին առնվազն չի կարելի բացառել, որ
Ադրբեջանի որոշ անհատների կողմից կատարվել են որոշ ռազմական հանցագործություններ և
մարդկության դեմ ուղղված հանցանքներ»,– ասել է Շիֆբաուերը։