
Բուլղարիայի պաշտպանության նախարարը Իրանից սպառնալիք չի տեսնում
Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտր Ստոյանովը կարծում է, որ Իրանի կողմից երկրի նկատմամբ իրական սպառնալիք չկա։
Նախարարը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով Financial Times-ի տեղեկությունը, ըստ որի՝ Իրանը դիտարկում է Եվրոպայում, այդ թվում՝ Բուլղարիայի «Բեզմեր» ավիաբազայում, ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը։ Այդ բազայում տեղակայված են ԱՄՆ-ի լիցքավորող ինքնաթիռներ։
«Ես առաջնորդվում եմ ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ հատուկ ծառայությունների պաշտոնական փաստաթղթերով։ Բառացիորեն նախօրեին ռազմական հետախուզությունից փաստաթուղթ եմ ստացել, որում ընդգծվում է՝ ազգային անվտանգությանը ուղղակի սպառնալիք չկա, ինչպես նաև սպառնալիք չկա այն օբյեկտների նկատմամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան ինքնաթիռները»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ստոյանովը։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Բուլղարիան Իրանի կողմից դիտարկվում է որպես հնարավոր թիրախ՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ հարձակումների վերսկսման դեպքում պատասխան գործողությունների համար։


