13 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր են ՀՀ-ի և նրա հարևանների ԱԽ քարտուղարները

Ովքե՞ր են ՀՀ-ի և նրա հարևանների ԱԽ քարտուղարները

Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային միջավայրն այսօր առանձնահատուկ է նրանով, որ հարևան և ազդեցիկ պետությունների անվտանգության համակարգերը ղեկավարում են հիմնականում երկարամյա անվտանգային, ռազմական, ուժային կամ պետական կառավարման փորձ ունեցող գործիչներ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Ալեն Սիմոնյանը՝ փոխարինելով Արմեն Գրիգորյանին։ Սա ինքնին չի նշանակում Հայաստանի անվտանգային քաղաքականության փոփոխություն։ Բայց նշանակում է, որ փոխվում է այն անձը, որը պետք է համակարգի վարչապետի, ուժային կառույցների, արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության գործընկերների միջև կապը։

Հայաստան

Ադրբեջանի Ռամիլ Ուսուբովի, Իրանի Մոհսեն Ռեզայիի կամ Ռուսաստանի Սերգեյ Շոյգուի համեմատ՝ Սիմոնյանի կենսագրությունն ավելի քիչ է կապված ռազմական/ուժային համակարգի հետ։

«Ուրախների և հնարամիտների ակումբի» նախկին մասնակցի, մաֆիա ակումբի հիմադրի և շոու բիզնեսի ներկայացուցչի նշանակումը երկրի համար կարևորագույն պաշտոններից մեկում սովորական կադրային փոփոխություն չէ։
Արմեն Գրիգորյանը շուրջ 8 տարի եղել է Հայաստանի անվտանգության արտաքին և ներքին օրակարգերի հիմնական համակարգողներից մեկը։ Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի անվտանգային քաղաքականությունը զգալիորեն փոխվեց՝ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման, ԵՄ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության և ԱՄՆ-ի հետ ռազմավարական կապերի խորացման ուղղությամբ։ Ալեն Սիմոնյանի դեպքում շեշտադրումը կարող է լինել այլ։ Նա գալիս է քաղաքական կառավարման և խորհրդարանական համակարգից, ոչ թե դասական ուժային կամ ռազմական համակարգից։

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը մտնում է իրականացման փուլ, ԱԽ քարտուղարի աշխատանքը միայն ռազմական անվտանգությունը չէ։ Այն ներառում է սահմանային անվտանգություն, միջազգային երաշխիքներ, հաղորդակցություններ, արտաքին դերակատարների հետ համակարգում և ներքաղաքական կայունություն։
Նրա գլխավոր խնդիրը կլինի արագ ձևավորել անվտանգության ոլորտում մասնագիտական և ինստիտուցիոնալ թիմ, որպեսզի ԱԽ քարտուղարի պաշտոնը չդառնա պարզապես քաղաքական վստահության պաշտոն։

Ադրբեջան

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը Ռամիլ Ուսուբովն է։
Նա մինչև ԱԽ քարտուղար դառնալը 25 տարի՝1994-2019 թվականներին, եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար։ Այսինքն՝ նա այն գործիչներից է, որ Ադրբեջանի անվտանգության համակարգը ճանաչում են ոչ թե տեսականորեն, այլ հենց ներսից։ Սա նշանակում է, որ նրա համար անվտանգությունը միայն արտաքին ռազմական վտանգի մասին չէ։ Այն ներառում է նաև ներքաղաքական կայունություն, սահմանային վերահսկողություն, տեղեկատվական անվտանգություն, ուժային կառույցների համակարգում, պատերազմի հետևանքների կառավարում։

2024-ին Ուսուբովը հրապարակայնորեն հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է Հայաստանին պարտադրել խաղաղություն՝ իր ռազմական առավելությունը շեշտադրելով։

Ադրբեջանի ԱԽ քարտուղարի դեպքում մենք գործ ունենք ուժային համակարգի շատ փորձառու ներկայացուցչի հետ։ Հետևաբար՝ Սիմոնյանի հիմնական խնդիրը ոչ թե Ուսուբովին «հաղթելը» կլինի, այլ հայկական կողմից համարժեք ինստիտուցիոնալ և մասնագիտական հակակշիռ ստեղծելը։

Իրան

2026թ. օգոստոսի 10-ին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհսեն Ռեզային։ Նա նախկինում եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը։
Ռեզային 1980-ականների Իրաք-Իրան պատերազմի տարիներին ղեկավարել է ԻՀՊԿ-ն և համարվում է Իրանի ռազմական-անվտանգային համակարգի ամենափորձառու գործիչներից մեկը։

Ռեզայիի նշանակումը տեղի է ունենում Իրանի համար ծայրահեղ զգայուն ժամանակաշրջանում։ Նա նշանակվելուց անմիջապես հետո հանդես եկավ Հորմուզի նեղուցի վերաբերյալ կոշտ դիրքորոշմամբ՝ հայտարարելով, որ դրա բացումը պայմանավորված է ԱՄՆ վարքագծի փոփոխությամբ և Իրանի պահանջների կատարմամբ։

Այսինքն՝ Ռեզային ներկայում հանդես է գալիս ոչ միայն որպես խորհրդակցական մարմնի ղեկավար, այլ որպես ռազմական ուժի և դիվանագիտական բանակցության միջև կապող օղակ։

Թուրքիա

Օքայ Մեմիշ՝ ներքին կառավարման և արտակարգ իրավիճակների համակարգի փորձառու պետական գործիչ։ Նա պաշտոնում նշանակվել է 2025թ. փետրվարի 3-ին։ Մինչ այդ եղել է նահանգապետ, իսկ2023-2024 թվականներին ղեկավարել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը՝ AFAD-ը։ Նա ոչ թե դասական զինվորական է, այլ ներքին կառավարման, ճգնաժամային կառավարման և պետական ապարատի համակարգող։

Վրաստան

Վրաստանում ազգային անվտանգության խորհրդի նախկին համակարգը փաստացի վերակազմավորվել/վերացվել է, ուստի՝ այն այլևս նույն ձևով համադրելի չէ Հայաստանի հետ։

Վրաստանը նախկինում ուներ Ազգային անվտանգության խորհուրդ, որի քարտուղարը 2020 թվականից Վախթանգ Գոմելաուրին էր։ Սակայն 2025-ին Վրաստանի իշխանությունները որոշեցին վերացնել այդ կառույցը և անվտանգության համակարգման գործառույթները տեղափոխել այլ պետական մեխանիզմներ։

Վրաստանը գնում է ավելի կենտրոնացված՝ կառավարության/վարչապետի ուղղակի վերահսկողության տակ գտնվող անվտանգության կառավարման մոդելի։

Ռուսաստան

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն է։ Նա նախկինում եղել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը և Ռուսաստանի ռազմական համակարգի ամենաբարձր մակարդակի գործիչներից մեկը։
Սակայն այստեղ կարևոր նրբություն կա։ Ռուսաստանի ԱԽ-ի պաշտոնական ազդեցությունը և քարտուղարի անձնական ազդեցությունը նույն բանը չեն։ Նիկոլայ Պատրուշևի օրոք այս պաշտոնը ձեռք էր բերել շատ մեծ քաղաքական-անվտանգային կշիռ։ Պատրուշևը համակարգի ներսում ուներ հսկայական կապեր։

ԱՄՆ

Դասական «ԱԽ քարտուղար» պաշտոն չկա․ անվտանգության վերաբերյալ որոշումների «կենտրոնը» նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, իսկ 2026-ի համակարգում արտաքին քաղաքականության առանցքային դերակատարը նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն է։

Եթե այս պաշտոնյաներին դիտարկենք ոչ թե առանձին, այլ որպես մեկ համակարգ, ապա Հայաստանի շուրջ տեսնում ենք հետևյալ պատկերը.

  • Ադրբեջանի համակարգն ուժային է,
  • Իրանի համակարգը՝ ռազմականացված,
  •  Թուրքիայինը՝ պետական-անվտանգային,
  • Ռուսաստանինը՝ ռազմական-պետական
  •  Հայաստանի համակարգը՝ քաղաքական։

Այսինքն՝ Սիմոնյանի նշանակմամբ՝ Հայաստանի ԱԽ-ի ղեկավարի պրոֆիլը դառնում է ավելի քաղաքական։ Եվ հենց այստեղ է ամենամեծ ռազմավարական հարցը․ ի՞նչ մոդելի Անվտանգության խորհուրդ է ցանկանում կառուցել Փաշինյանը նոր քաղաքական փուլում։

Եթե Սիմոնյանը դառնա միայն վարչապետի քաղաքական վստահված անձը, ապա պաշտոնի ինստիտուցիոնալ կշիռը կարող է նվազել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026