
Ռուբինյանը պահանջեց ներողություն խնդրել, Կարապետյանը խոստացավ քննարկել հարցը
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ԱԺ դահլիճում քննարկեցին քիչ առաջ տեղի ունեցած միջադեպը։
Ռուբինյանը նշեց, որ վերջին 10 օրվա ընթացքում ԱԺ-ում արդեն երկրորդ անգամ է խախտվում բարեկրթության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վիրավորական արտահայտությունների հնչեցմամբ։ Նրա խոսքով՝ առաջին դեպքը տեղի էր ունեցել Նարեկ Կարապետյանի, երկրորդը՝ Էդգար Ղազարյանի կողմից։
«Բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը»,- ասել է Ռուբինյանը։
Նա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարից պահանջել է գնահատական տալ Ղազարյանի արտահայտությանը և նշել, որ ակնկալում է՝ պատգամավորը ներողություն կխնդրի իր պահվածքի համար։
Կարապետյանն իր հերթին նշել է, որ խմբակցությունը կիսում է գործընկերների մտահոգությունը և Ղազարյանի վարքագիծը քննարկելու համար խմբակցությունում նիստ կանցկացնի, որի արդյունքների մասին կտեղեկացնի։
«Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակներում դա բարեվարքության նորմի խախտում էր»,- ասել է Կարապետյանը՝ գնահատելով Ղազարյանի արտահայտությունը։
Ռուբինյանն ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակնկալում է ոչ միայն խմբակցային քննարկում, այլև Ղազարյանի կողմից ներողություն խնդրելը։
«Հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում այս Ազգային ժողովի դահլիճում և ոչ միայն նրան»,- ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ նույնը առնչվում է նաև նրանց, ովքեր կփորձեն քաղաքական կամ այլ աջակցություն ցուցաբերել Ղազարյանին։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱԺ դահլիճում վիճաբանություն էր սկսվել Էդգար Ղազարյանի մասնակցությամբ, որը շարունակվել էր նաև դահլիճից դուրս։


