
9-րդ ոչ մարտական մահը․ զինծառայողի մահից հետո բանակում փոփոխություններ են սպասվում
Զինված ուժերում կրկին զինծառայողի մահվան դեպք է գրանցվել։ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին այսօր հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։
ՔԿ-ն վարույթ է սկսել, քննչական գործողություններ են ընթանում։
ՊՆ–ից էլ հայտնում են՝ դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։
Զինծառայողի մահից հետո բանակում կադրային փոփոխություններ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ առավոտյան դեպքը քննարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, և արդեն որոշել է պատասխանատուների նկատմամբ կադրային լուծումների մասին։
«Ես որոշում արդեն կայացրել եմ՝ Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կլինի, Բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս։ Հետևություններ կարվեն, և, այո՛, պետք է լինի անհատական պատասխանատվություն», – ասել է Փաշինյանը։
Փաշինյանը, սակայն, ընդգծել է, որ բանակում գրանցվող մահվան դեպքերի համար Զինված ուժերի վերնախավին պատասխանատու չի համարում։ Նրա խոսքով՝ պետք է պարզել կոնկրետ խնդիրներն ու դրանց համար պատասխանատու անձանց։
Հիշեցնենք, որ սա վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։
Սա ընթացիկ տարում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան 9-րդ դեպքն է։


