06 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջնորդողը Սամվել Կարապետյանն է․ ինչի՞ շուրջ է համախմբվել ընդդիմությունը

Առաջնորդողը Սամվել Կարապետյանն է․ ինչի՞ շուրջ է համախմբվել ընդդիմությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը ABC Media-ի հետ զրույցում նշել է, որ շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի համագործակցությունը քաղաքական միավորում չէ, այլ մեկ օրակարգի շուրջ համախմբում։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերին միավորում է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները կանխելու նպատակը։

Նախօրեին շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգի շուրջ համագործակցության մասին։ Սակայն, ինչպես ABC Media-ի հետ զրույցում ընդգծել է Հայկ Ֆարմանյանը, խոսքը քաղաքական միավորման կամ միասնական ուժ ստեղծելու մասին չէ։ Ըստ նրա՝ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող ուժերը համախմբվել են մեկ հարցի շուրջ՝ թույլ չտալ Ադրբեջանի պահանջներով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

«Կա մեկ օրակարգ՝ թույլ չտալ Հայաստանի անկախության փլուզումը, թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը»,- նշել է Ֆարմանյանը։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունը խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ, մինչդեռ մինչև հունիսի 7-ը հայտարարում էր, թե խաղաղությունն արդեն հաստատված է։ Ֆարմանյանը պնդում է՝ այս պայմաններում խոսքը միակողմանի զիջումների մասին է, քանի որ Ադրբեջանից իր Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացվում։

«Մենք դեմ չենք խաղաղությանը, բայց կողմ ենք առանց զիջումների խաղաղությանը։ Դեմ ենք Ադրբեջանի թելադրանքով որևէ սահմանադրական փոփոխության»,- ասել է նա։

Ֆարմանյանի խոսքով՝ խնդիրը միայն Սահմանադրության տեքստը չէ։ Նա Անկախության հռչակագրից հրաժարվելու հնարավորությունը համարում է Հայաստանի պետականության հիմքերին ուղղված հարված։ Նրա պնդմամբ՝ հետագայում զիջումների օրակարգը կարող է ընդլայնվել՝ ներառելով Տիգրանաշենի, Երևանի ղազիյաթի և 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցերը։ Ռիսկեր է տեսնում նաև TRIPP նախագծի իրականացման շրջանակում՝ վերահսկողական մեխանիզմների բացակայության առումով։

Հարցին՝ ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը նման համագործակցության շուրջ ավելի վաղ չէին պայմանավորվել, Ֆարմանյանը ABC Media-ի հետ զրույցում պատասխանել է, որ համախմբման խնդիր նախկինում էլ չի եղել։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը շարունակել է իր քաղաքական օրակարգը, իսկ մյուս ուժերն առանձին դեպքերում աջակցել են կամ չեն աջակցել դրան։ Միասնական փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտություն, ըստ նրա, չի եղել։

Այժմ, երբ համագործակցության մասին հայտարարությունն արդեն ստորագրված է, առաջ է գալիս նաև քաղաքական առաջնորդության հարցը։ Ֆարմանյանը չի թաքցնում, որ նախաձեռնողն ու առաջնորդողը համարում է իր քաղաքական ուժին և Սամվել Կարապետյանին։

«Քանի որ ամենամեծ քաղաքական ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ առաջնորդողը, դրոշակակիրը պարոն Սամվել Կարապետյանն է՝ իր քաղաքական ուժով»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը կարող է այնպիսի առաջարկ անել, որից վերջինս չի կարող հրաժարվել, Ֆարմանյանը դա որակել է որպես շանտաժի տարրեր պարունակող խոսույթ։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ի ընտրողներն իրենց ձայնը տվել են նաև այն ակնկալիքով, որ դաշինքը թույլ չի տա իշխանությանը հասնել սահմանադրական փոփոխությունների՝ առանց ընդդիմության համաձայնության։ Ֆարմանյանի պնդմամբ՝ իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չունի, հետևաբար ընտրողների քվեն արդեն իսկ արտահայտում է մերժում այդ նախաձեռնությանը։

«Իշխանությունը հիմա տարբեր ճանապարհներ է որոնում իր նպատակին հասնելու համար՝ ճնշում, արտահերթ ընտրություն կամ այլ առաջարկներ։ Բայց մեր առաքելությունը դա թույլ չտալն է»,- նշել է նա։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ