
Երևանում ժամկետանց «Կինդերի» ժամկետը «թարմացրել» են ու վաճառել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ նոյեմբերի 6-ին, հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած «Կինդեր» տեսակի քաղցրավենիք․ հայտնում են տեսչական մարմնից։
«Տեսչական մարմինը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել Երևանի Սուրմալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։
Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումն արգելվել է:
Հարգելի տնտեսավարողներ, հորդորում ենք մատակարարներից ապրանքը ստանալիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետներին և հավաստիանալ, որ դրանք կեղծված չեն, ինչպես նաև՝ պահանջել ուղեկցող փաստաթղթերը, պարտադիր համարել հայերեն մակնշման առկայությունը:
Հարգելի սպառողներ, խնդրում ենք զգոն լինել և փոփոխված ժամկետով կամ առանց հայերեն մակնշման «Կինդեր» քաղցրավենիք նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին` 118 շուրջօրյա հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:


