06 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի մուտքը Երևան արգելվել է

Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի մուտքը Երևան արգելվել է

Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող 203 համարի երթուղայինի վերջին կանգառը այսուհետ ավտոկայանն է։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է, որ իրենց իջեցրել են ավտոկայանում, երթուղին սպասարկող երթուղայինի դիսպետչերն է տեղեկացրել ուղևորներին այդ մասին։

Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն ABC Media-ին փոխանցեց, որ այս օրենքի հեղինակը Երևանի քաղաքապետարանն է, ըստ որի՝ մարզերից եկող ավտոբուսներին արգելվում է երթևեկել Երևանում։

«Ըստ այդ օրենքի՝ մարզերից եկող տրանսպորտային միջոցների վերջին կանգառները պետք է լինեն ավտոկայանատեղիները։ Դրանից ավելի երթևեկել չեն կարող»,- ասաց Հարությունյանը։ ՏԿԵ մամուլի քարտուղարը հորդորեց մանրամասները պարզել քաղաքապետարանից։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն էլ ասաց, որ ի սկզբանե այս երթուղին սպասարկող փոխադրամիջոցն իրավունք չի ունեցել հասնել մինչև Մատենադարան։

«Էջմիածին-Երևան 203 համարի երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցներն այլևս չեն հասնի Մատենադարան։ Երթուղու վերջնակետն այսուհետ լինելու է «Կիլիկիա» ավտոկայանը։ Պայմանագրի կնքումը և երթուղու սպասարկման հետ կապված հարցերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիազորությունների շրջանակում են։ Պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների վերջնակետը պետք է լինի ավտոկայանը, սակայն վարորդները բազմիցս խախտել են այդ պահանջը՝ շարունակելով երթևեկությունը մինչև Մատենադարան»,-ասել է նա։

Քաղաքապետարանի խոսնակի պնդմամբ՝ Մատենադարանի հարակից տարածքում երթուղու տրանսպորտային միջոցների կանգառը փաստացի կայանատեղիի տպավորություն է ստեղծել՝ խոչընդոտելով ինչպես հետիոտների տեղաշարժին, այնպես էլ երթևեկությանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները բազմիցս նախազգուշացրել են վարորդներին՝ տարածքում կանգառ չիրականացնելու և Կիլիկիա ավտոկայանում կայանելու պահանջի մասին։

Ջուլիետա Ազարյանը նշել է, որ քաղաքապետարանը վերջին անգամ ևս զգուշացրել է տարածքն ազատելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ երթուղու տրանսպորտային միջոցները պետք է կանգնեն բացառապես Կիլիկիա ավտոկայանում։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ