
Եվրահանձնաժողովը Թուրքիային 3 դեղին քարտ է ցույց տվել
Թուրքիայի մասին Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը, որն անդրադառնում է Եվրամիությանն անդամակցության գործընթացում երկրի առաջընթացին և առկա խնդիրներին, դժգոհություն է առաջացրել Անկարայում. գրում է ermenihaber.am-ը
«Հունական «SKAI» հեռուստաալիքը զեկույցը ներկայացրել է որպես Թուրքիայի հասցեին ուղղված «3 դեղին քարտ»՝ առանձնացնելով Լիբիայի հետ ծովային համաձայնագիրը, Հունաստանի նկատմամբ պատերազմի սպառնալիքի հայտարարությունը և Հունաստան-Կիպրոս էլեկտրական մալուխի նախագծին խոչընդոտելու փորձերը։
Հեռուստաալիքի մեկնաբանությամբ՝ Եվրահանձնաժողովն արձանագրել է նաև թուրք-հունական հարաբերությունների վատթարացում, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի և տարածքային ջրերի խախտումների աճ։
Անկարան առարկել է զեկույցի գնահատականները՝ դրանք որակելով «անհիմն պնդումներ» և «երկակի ստանդարտներ»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Եվրահանձնաժողովին Հունաստանի և Կիպրոսի դիրքորոշումները պաշտպանելու և Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի իրավունքներն անտեսելու մեջ»,- նշում է լրատվամիջոցը։


