
Վայոց ձորի գիշերային «ուրվականը»․ ո՞վ է վախի մթնոլորտ ստեղծած դիմակավորված անձը
Մոտ երկու շաբաթ է՝ Վայոց ձորի մի շարք բնակավայրերում մարդիկ քնում ու արթնանում են տագնապով։ Գիշերները որոշ բնակիչներ հերթապահում են՝ փորձելով գտնել մարզի անդորրը խաթարած առեղծվածային մարդուն, որը տարբեր հասցեներում հայտնվում է գիշերային ժամերին։
Համացանցում տարածված տեսանյութերում երևում է՝ ինչպես է դիմակավորված անձը գաղտագողի մոտենում բնակելի տներին և քարերով հարվածում պատուհաններին։ Նման դեպքեր արձանագրվել են տարբեր հասցեներում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ միջադեպերը տեղի են ունեցել Մալիշկա գյուղում։ Սակայն Մալիշկա վարչական շրջանի ղեկավար Գարիկ Նազարյանն ABC Media-ի հետ զրույցում նշում է՝ նույն անձը հայտնվել է նաև այլ բնակավայրերում։
«Նա եղել է նաև Վայքում, Գետափում, Ագարակաձորում, բայց Մալիշկայի մասին են միայն գրել։ Ոստիկանները գալիս են շրջայցի, բայց չգիտենք՝ ով է այդ մարդը»,- մեզ հետ զրույցում ասաց Մալիշկայի ղեկավարը։
Նազարյանը հավելեց, որ միջադեպի հետևանքով գյուղի տարեցներն են հիմնականում վախենում։
Բնակիչների խոսքով՝ դիմակավորված անձը շատ արագ է շարժվում, լավ գիտի տեղանքը և կարողանում է անհետանալ, մինչև իրեն հետապնդողները կհասնեն։
«Տարբեր տեսախցիկներ ֆիքսել են նրան։ Ամեն տուն տարբեր ձև է գնում, մի տեղ կուզիկ է քայլում՝ դժվար է հասկանալ կառուցվածքը։ Բայց ակնհայտ է, որ տարածքին լավ է տիրապետում»,- մեզ հետ զրույցում ասաց Վայոց ձորի բնակիչներից մեկը։
Թե ով է նա և ինչու է գիշերային ժամերին հայտնվում բնակավայրերում՝ դեռ հայտնի չէ։ Մինչդեռ մարզում լարվածությունը պահպանվում է։ Բնակիչների շրջանում նաև լուրեր են տարածվում, թե անհայտ անձը միայն նյութական վնասներ պատճառելով չի սահմանափակվել։
«Չճշտված լուր կա, որ Գետափում մի տատիկի է սպանել, բայց միայն լուր է, ոչ ոք չգիտի ճիշտը»,-ասաց մարզի բնակիչը։
ՆԳ նախարարությունից, սակայն, հերքում են սպանության մասին տարածվող տեղեկությունները։ Գերատեսչությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Չի բացառվում նաև, որ անհայտ անձը կարող է ունենալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։
Մինչ իրավապահները շարունակում են որոնումները, Վայոց ձորի բնակիչները գիշերները շարունակում են զգոն մնալ՝ սպասելով, որ «ուրվականի» պատմությունը վերջապես բացահայտվի։
Սեդա Մակարյան


