
Նա մտնում է ջուրը, իսկ ափին ինչ-որ մեկը սպասում է հրաշքի
Ամեն անգամ, երբ նա մտնում է ջուրը, ափին ինչ-որ մեկը սպասում է։
Սպասում է հրաշքի։
Բայց Վահեն վաղուց գիտի՝ ջրի տակ հրաշքներ հազվադեպ են լինում։
Սուզվելուց առաջ, սակայն, յուրաքանչյուր քայլ պետք է լինի ճիշտ հերթականությամբ. ստուգում է սարքավորումները, ապա հագնում հատուկ հանդերձանքն ու ամրացնում օդային բալոնը։
22 տարվա փորձը Վահեին շատ բան է սովորեցրել, բայց մի բան չի փոխվել․ յուրաքանչյուր սուզման նա պատրաստվում է այնպես, ասես առաջինն է։
Ասում է՝ յուրաքանչյուր սուզում նոր պատասխանատվություն է․ երբեք չգիտես՝ ինչ է սպասվում ներքևում։
«Ես միշտ ձգտում էի լողալ ու միշտ լինել լճում։ Ու հենց լճի մեջ մեծանալն էլ բերեց նրան, որ դարձա պրոֆեսիոնալ ջրասուզակ»,- նշում է Վահեն։
Վահեի խոսքով՝ առաջին հայացքից Սևանը խաղաղ է, բայց այդ խաղաղության տակ մի ամբողջ աշխարհ կա։
47-ամյա Վահեն ծնվել ու մեծացել է Սևան քաղաքում։ Ասում է՝ իր կյանքն առանց լճի պարզապես չի պատկերացնում։
«Երբեմն նույնիսկ ջրից դուրս գալուց քիչ անց նորից կարոտում եմ ջուրը։ Այդ սերն ու կարոտն է, որ ինձ այստեղ է պահում։ Երկրից դուրս գալու մտադրություն չունեմ։ Այս հողն էլ, այս ջուրն էլ իմ տունն են։ Ջուրը կյանք է»,- նշում է սուզորդը։
Տարիների ընթացքում Սևանի խորքերը նրան բազմաթիվ գաղտնիքներ են բացել։
Ամենահիշարժան բացահայտումներից մեկը 1863 թվականին ձկնորս Գրիգորի խորտակված նավն էր, որը տարիներ անց հենց Վահեն հայտնաբերեց։
Սակայն նրա աշխատանքի մեծ մասը կապված է ոչ թե պատմական գտածոների, այլ մարդկային ողբերգությունների հետ։ Հասարակությունը սովորաբար լսում է միայն վերջնական լուրը՝ մարդ է խեղդվել կամ որոնողական աշխատանքներն ավարտվել են։
Բայց այդ լուրերի հետևում օրերի աշխատանք կա։ Ժամերով ջրի տակ որոնումներ, անորոշություն և պատասխանատվություն՝ մարդկանց գտնելու և նրանց ընտանիքների սպասմանը վերջ տալու համար։
«Շատ է եղել, որ ես էլ եմ այդ հրաշքին սպասել։ Բայց 22 տարվա աշխատանքի ընթացքում հասկացել եմ՝ հրաշքները շատ հազվադեպ են լինում, գրեթե չեն լինում։ Երբ դեպքի վայր ես գնում, շատ ժամանակ արդեն հասկանում ու պատկերացնում ես՝ ինչ կարող էր տեղի ունեցած լինել։ Բայց ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել ու հանրությանը ներկայացնել»,-ասում է Վահեն։
Փամբակ գետում խեղդված երկու փոքրիկ քույրերի որոնումները, Լոռու մարզում վերջին որոնողական աշխատանքները և բազմաթիվ այլ դեպքեր նրա հիշողության մեջ առանձնահատուկ տեղ ունեն։
Վահեի խոսքով՝ ամենածանրն երեխաների որոնումներն են։
«Ես հայր լինելով՝ երևի հենց դրա համար էլ ջրից դուրս չեմ գալիս։ Տվյալ տուժած երեխային, այդ պուճուրին, ես այդ պահին շատ-շատ եմ սիրում։ Չեմ կարող խոսքեր գտնել, որ… ինքը պուճուրիկ մի հատ բալա է, չես կարող ուրիշ ձև նայել։ Դրա համար գիշերներ չեմ քնում, ջրից դուրս չեմ գալիս։ Բայց երբ որ կպնում ես երեխային, այդ ժամանակ նոր ես հանգստանում եմ։ Գոնե այդ հրեշտակին հանեցի։ Գոնե… Ցավը մեծ է, շատ բարդ է, շատ դժվար է, բայց մի տեսակ սփոփանք է գոնե»,-հոգոց հանելով պատմում է Վահեն։
Օրվա վերջում նա տուն է վերադառնում, որտեղ նրան սպասում են կինն ու երեխաները։
Բայց ջրի խորքում տեսածը միշտ չէ, որ մնում է աշխատանքի վայրում։ Տեսածն ու ապրածը հաճախ տուն էլ են հասնում։
Հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում, որ իր երեխաները ընտրեն նույն ճանապարհը։
Ոչ թե այն պատճառով, որ չի սիրում իր մասնագիտությունը, այլ որովհետև շատ լավ գիտի՝ ինչ գին ունի այն։
Իսկ երեխաները հպարտանում են իրենց հայրիկով ու հասկանում, թե որքան կարևոր գործ է նա անում։
Վաղը առավոտյան ամեն ինչ նորից կսկսվի։
Նա նորից կպատրաստի սարքավորումները։
Նորից կմտնի ջուրը։
Որովհետև ինչ-որ տեղ, ինչ-որ ընտանիք կրկին սպասելու է մի լուրի։
Իսկ Վահեի գործն է՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ սպասումն ավարտվի։
Սվետլանա Պետրոսյան


