
Եկեղեցու դեմ զեկույցը գրվել է Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ և կասկածի տակ է դնում ժողովրդավարությանը հավատարիմ մնալու ՀՀ հանձնառությունը․CSI
Հայաստանի կառավարությունը զեկույց է հրապարակել «Հայ առաքելական սուրբ եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործողությունների հետևանքով Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ»։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ուսումնասիրել է այս զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։
Ինչպես նշվում է, դրա հեղինակությունը, մեթոդաբանությունը և դրա հետևում թաքնված դրդապատճառները լրջորեն կասկածի տակ են դնում զեկույցի եզրակացությունները: Զեկույցը նաև վիրավորանք է Եկեղեցու ինքնավարության՝ հաստատուն սկզբունքի հանդեպ, որը երաշխավորված է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ։
Ի հակադրություն զեկույցում նշվածի՝ եկեղեցական ճգնաժամը հենց կառավարության ստեղծած խնդիրն է։ Զեկույցը հրապարակվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պետության կողմից հովանավորվող և հետևողականորեն իրականացվող արշավի շրջանակում. մի Եկեղեցու, որը գոյատևել է ավելի քան 1700 տարի և երկար ժամանակ հանդես է եկել որպես հայ ազգի պաշտպան։
Նիկոլ Փաշինյանը ձգտում է պաշտոնանկ անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և Եկեղեցին ենթարկել պետական վերահսկողության՝ նպատակ, որին նա հետամուտ է եղել ավելի քան մեկ տարի։ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու նրա ծրագիրը ներառված էր իր կուսակցության նախընտրական ծրագրում և այժմ ամրագրված է Կառավարության գործունեության ծրագրում։ Զեկույցը հաջորդում է նաև բարձրաստիճան հոգևորականների՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին, Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի դեմ շինծու քրեական մեղադրանքներին, ինչպես նաև Եկեղեցում պառակտում հրահրելու՝ կառավարության աջակցությունը վայելող ջանքերին։ Այս և այլ միջոցառումներ խախտում են Եկեղեցու ինքնավարությունը և կասկածի տակ դնում ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը հավատարիմ մնալու Հայաստանի կառավարության հանձնառությունը։
Զեկույցն անկախ հետաքննության կամ որևէ անաչառ կամ դատական գործընթացի արդյունք չէ։ Այն գրվել է վարչապետի անմիջական հանձնարարությամբ՝ նրա սեփական մամուլի ծառայության կողմից։ Կառավարության մամուլի ծառայությունը չունի աստվածաբանության կամ կանոնական իրավունքի ոլորտում իրավասություն, սակայն դրա հեղինակներն ընտրողաբար մեջբերում են կանոնները և հավակնում դատողություններ անել եկեղեցական հարցերի վերաբերյալ։ Պնդումներից մի քանիսն այնքան լուրջ են, որ դրանք պետք է քննվեն պատշաճ ատյանի կողմից, այլ ոչ թե հրապարակվեն Կառավարության կողմից՝ որպես խտրական արշավի մաս կազմող քաղաքական փաստաթուղթ։ Ավելին, նման պնդումների հրապարակումն այն ժամանակ, երբ հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, կանգնած են դատարանի առաջ, լրջորեն խաթարում է նաև արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի նրանց իրավունքը։
Զեկույցում նշվում է, որ այն հիմնված է «բաց աղբյուրների» վրա։ Գործնականում դա նշանակում է լրատվական կայքեր, YouTube-ի տեսանյութեր և Facebook-ի գրառումներ, այդ թվում՝ հենց վարչապետի գրառումները։ Այն գրեթե չի ներկայացնում առաջնային ապացույցներ, և պնդումներից շատերը չհիմնավորված բամբասանքներ են, ակնարկներ կամ լսածների վրա հիմնված տեղեկություններ։ Դրանցից շատերը հնչեցվել են հոգևորականների կողմից, որոնք ենթարկվել են եկեղեցական կարգապահական տույժերի, իսկ մի քանիսը Կաթողիկոսի վաղեմի ընդդիմախոսներն են։ Այն դեպքերում, երբ Կաթողիկոսը չի արձագանքել մեղադրանքին, նրա լռությունը դիտարկվում է որպես ապացույց։ Այն, ինչ զեկույցն անվանում է իր «ապացուցողական հիմք», թույլ է։ Այն կազմվել է՝ արդարացնելու համար մի որոշում, որը կայացվել էր զեկույցի գրվելուց շատ ավելի վաղ, և այն չէր դիմանա որևէ դատարանի կամ ատյանի քննությանը։
Զեկույցը Կաթողիկոսին մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու համար։ Այն անտեսում է փաստը, որ նա գործել է՝ համաձայն Եկեղեցու բացառիկ առաքելության, որն ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ և վերաբերում է հայ ժողովրդի հոգևոր կյանքին ու ազգային ինքնության պահպանմանը։ Զեկույցում ոչինչ չի ասվում նաև այն համատեքստի մասին, որում հանդես է եկել Եկեղեցին։
CSI-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու ծրագրից և հարգել Եկեղեցու ինքնավարությունը։ CSI-ը նաև հորդորում է Հայաստանի միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, Եվրոպական միությանը և Եվրոպայի խորհրդին, հիշեցնել Փաշինյանին մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին և պահանջել նրա կառավարությունից դադարեցնել միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին։


