29 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ռոսատոմը» ՀՀ-ին ներկայացրել է լավագույն առաջարկներից մեկը, բայց ՀՀ կառավարությունը դեռ չի կիսում այս տեսակետը․ Լիխաչյով

«Ռոսատոմը» ՀՀ-ին ներկայացրել է լավագույն առաջարկներից մեկը, բայց ՀՀ կառավարությունը դեռ չի կիսում այս տեսակետը․ Լիխաչյով

«Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ է ներկայացրել՝ Հայաստանում 1000 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։

Նրա խոսքով՝ նման ռեակտորներ ռուսական կողմը շահագործում է Ռուսաստանում, ինչպես նաև կառուցել և շարունակում է կառուցել արտերկրում, մասնավորապես Իրանում և Հնդկաստանում։

«Մեր գնահատմամբ՝ այս առաջարկը լավագույնն է այն ամենից, ինչն այսօր առկա է համաշխարհային շուկայում։ Իհարկե, սա մեր գնահատականն է, և Հայաստանի Հանրապետությունն առայժմ այն չի կիսում այն։ Սակայն քննարկումների մեկնարկային փուլի համար անհրաժեշտ բոլոր նյութերն այսօր պաշտոնապես փոխանցել ենք Նիկոլ Փաշինյանին և հանդիպմանը ներկա հայկական պատվիրակությանը»,- ասել է Լիխաչյովը։

Միաժամանակ «Ռոսատոմի» ղեկավարը չի համաձայնել այն գնահատականին, թե Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելցուկ։

«Հզորությունների առումով գուցե ավելցուկ կա, բայց ընդունելի գնով էլեկտրաէներգիայի առումով, իմ կարծիքով, այն հազիվ է բավարարում պահանջարկը»,- ասել է նա։

Լիխաչյովի հաշվարկով՝ եթե Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումն առաջիկա տարիներին տարեկան նույնիսկ 4 տոկոսով աճի, ապա մինչև 2036 թվականը, հաշվի առնելով Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործումից դուրսբերումը, երկիրը կարող է ունենալ մոտ 1 ԳՎտ հզորության պակաս։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի էներգահամակարգում արևային էներգիայի մեծ մասնաբաժնի հետևանքով առաջացող օրական տատանումների վրա՝ ընդգծելով, որ ատոմակայանը կարող է էլեկտրաէներգիա արտադրել շուրջօրյա՝ անկախ արևից, քամուց և եղանակային պայմաններից։

«Ատոմակայանը 24/7 աշխատում է՝ անկախ արևից, քամուց, եղանակից։ Վառելիքը բերվում է երկար ժամանակահատվածի համար։ Այս իմաստով համաշխարհային էներգետիկայում բազային արտադրության դերը կարող է կատարել առաջին հերթին ատոմային էներգետիկան, իսկ որոշ երկրներում՝ նաև հիդրոէներգետիկան»,- նշել է նա։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ