
2018-ին բարձրագույն կրթություն չունեցող մարդն ասում էր, որ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, բա չգա՞ր այդ մարդն ու հեռացներ բուհերից այսօրվա պաշտոնյաներին․ Էդգար Ղազարյան
2018 թվականի ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում մոլեգնում էր հեղափոխության շունչը, և անգամ մարդը, որ չունի բարձրագույն կրթություն, խոսում էր բարձրագույն կրթության մասին և ասում․ «Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինելու որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման»․ ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Հիմա անցել է 8 տարի։ Մտածում ենք, ասում ենք՝ բա չհաղթե՞ր էդ հեղափոխությունը, բա չլինե՞ր այդ մարդը մեր երկրի վարչապետ ու այսօր գար ու շատ հանգիստ, վարչապետի որոշումներով, առանց որևէ լարվածության ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հեռացներ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդից հեռացներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը Սահմանադրությամբ իրավունք չունի զբաղեցնելու որևէ այլ պաշտոն։ Գար ու հեռացներ Պոլիտեխնիկի կառավարման խորհրդից Արայիկ Հարությունյանին, դրանից առաջ՝ Տիգրան Ավինյանին, և այդպես շարունակ․․․»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Բայց, ըստ նրա, փաստորեն, չի հաղթել այդ հեղափոխությունը․ «Փոխարենը՝ բուհերից հեռացվել են բազմաթիվ նշանավոր ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, դասախոսներ, նաև ուսանողներ՝ բացառապես իրենց քաղաքական հայացքների համար»։


