
Երեխաների սիրելի խաղալիքները կարող են սպառնալ կյանքին. ԱՄՆ-ում հազարավոր խաղալիքներ են հետկանչվել
ԱՄՆ-ի Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովը (CPSC) հայտարարել է մի քանի տեսակի սքվիշ-խաղալիքների հետկանչման մասին։ Խոսքը երկու ընկերությունների արտադրանքի մասին է՝ GIHNJSI-ի Squeezy Dumplings և OKK Trading-ի Rainbow Mystery Squishy Buns։
Այս խաղալիքների ներսում կան ջրային փոքրիկ գնդիկներ։ Եթե երեխան դրանք կուլ տա, գնդիկները ստամոքսում կարող են մեծանալ և առաջացնելով շնչահեղձություն, աղիների խցանում, ուժեղ ցավեր։ Որոշ դեպքերում կարող է կյանքին վտանգ սպառնալ։
Amazon-ի միջոցով մայիսին և հունիսին վաճառված մոտ 8000 Squeezy Dumplings խաղալիք հետ է կանչվել։ Այս խաղալիքները կլոր են, փափուկ, սեղմվող, ներսում ունեն փայլփլուն նյութ, իսկ վրան պատկերված են մուլտհերոսների դեմքեր։
Հետ կանչից հետո մասնագետները խորհուրդ են տալիս խաղալիքի և տուփի վրա չջնջվող մարկերով գրել RECALLED (հետ է կանչված) և ապա դեն նետել դրանք։
Սքվիշ-խաղալիքների հետ կապված խնդիրները միայն սրանով չեն սահմանափակվում։ Վերջին ամիսներին գրանցվել են նաև այրվածքների դեպքեր. Որոշ երեխաներ TikTok-ի մարտահրավերի ազդեցությամբ խաղալիքները տաքացրել են միկրոալիքային վառարանում։ Մյուս խաղալիքները երկար ժամանակ մնացել են արևի տակ և տաքացել։
Ամռանը ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում դեռահաս աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել, երբ իր սքվիշ-խաղալիքը պայթել է ոտքերի վրա։ Նա խաղալիքը մոռացել էր շոգ մեքենայի մեջ։ Բարձր ջերմաստիճանից այն տաքացել և մեծացելէր։ Երբ աղջիկը նստել է մեքենա, խաղալիքը պայթել է, և դրա ներսի շատ տաք նյութը թափվել է ոտքերին՝ առաջացնելով այրվածքներ։


