Վրաստանի վարչապետը կոչ է արել ընդդիմությանը՝ ճանաչել ընտրության արդյունքները
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզված է, որ «Վրացական երազանքը» կհաղթի խորհրդարանական ընտրություններում եւ ընդդիմությանը կոչ է արել ճանաչել արդյունքները, որոնք երեկոյան կհայտարարի ԿԸՀ-ն, տեղեկացրել է NewsGeorgia-ն։
Վարչապետը հայտարարել է, որ ըստ իր տեղեկությունների՝ ընդդիմությունը պատրաստվում է ակցիաներ կազմակերպել այն բանից հետո, երբ պարզվի, որ պարտվել է խորհրդարանական ընտրություններում։
«Ընդդիմությունը կհանձնի այն ամենը, ինչ նրա մոտ մնացել է այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» 60 տոկոս հավաքի… Ընդդիմությանը կոչ եմ անում հաշտվել եւ ընդունել արդյունքները, որոնք կհրապարակի ԿԸՀ-ն, եւ չկրկնել այն, ինչ արեցին 2021, 2020, 2018թթ. եւ այլն»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին այն բանից հետո, երբ քվեարկել է ընտրություններում։
Վրաստանի վարչապետը վստահ է, որ «Վրացական երազանքի» աջակցությունը 2012թ. ռեկորդային էր։
Վարչապետը ընդդիմության պոպուլյար չլինելու ցուցանիշ է համարում այն, որ «կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել կազմակերպել ոչ մի զանգվածային հանրահավաք»։
«Նրանք կազմակերպել են մեկ ընդհանուր ժողով, արմատական ընդդիմության մեկ ընդհանուր ժողով, «հավաքական ազգային շարժում», եւ անգամ այստեղ ոչ մի քաղաքական ղեկավար ընդդիմությունից չի համարձակվել բեմ դուրս գալ։ Այդքան նրանք հասկանում են, որ կորցրել են վարկը վրաց ժողովրդի աչքում։ Այս պայմաններում, իհարկե, այսօր նրանք ստիպված կլինեն շատ ծանր պարտություն կրել»- ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն միաժամանակ ասել է, որ իշխանության կուսակցությունն անպայման կճանաչի պաշտոնական արդյունքները։