
Առաջիկայում մեզ սպասվում են մեծ ու պատմական իրադարձություններ․ Նիկոլ Փաշինյան
Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ․ այսօր ԱԺ-ում Կառավարության կատարողականի լսումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մի բան էլ ասեմ՝ երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78.6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, և, ինչքան հասկանում եմ, ընդհանրապես վերջին նույնիսկ Խորհրդային Միության ժամանակների համեմատ։ Եվ այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ, և սա առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ»,- ասաց նա։
Ըստ նրա՝ առաջիկայում մեզ սպասվում են մեծ ու պատմական իրադարձություններ:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը, Փաշինյանի խոսքով, Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից։
«Այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք։ Ես սա կարևոր արձանագրում եմ համարում, որը մեր իրականության մեջ ոնց որ թե երբեմն մենք բաց ենք թողնում՝ ասելով, որ խաղաղությունն ինքը այդպես բանավոր պայմանավորվածության կամ իրավական ուժ չունեցող դեռևս փաստաթղթերի հիման վրա է ձևավորված։ Այդպես չէ»,- ասաց նա։
«Արձանագրված է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմաթիի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունաքարը, հիմքը, որը, կրկնում եմ, ունի իրավական պարտադիր ուժ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։


