ԵՄ-ը հակված է «ավելի կոշտ միջոցներ» կիրառել Վրաստանի նկատմամբ, այդ թվում՝ պատժամիջոցներ․ Politico
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների դեմ՝ հակակառավարական ցույցերի և միությանը միանալու գործընթացի կասեցման ֆոնին։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով ԵՄ երկու անանուն դիվանագետի։
Նրանց կարծիքով՝ եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար Կայ Կալլասի հայտարարությունը, թե ցուցարարների դեմ գործողությունները և Վրաստանի իշխող կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության գործընթացը, կարող են «հետևանք ունենալ», նշանակում է ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառում երկրի իշխող կուսակցության անդամների նկատմամբ։ ԵՄ-ի երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որը կկայանա դեկտեմբերի 16-ին, «ճիշտ պահը կլինի» համապատասխան որոշում կայացնելու համար՝ կարծում է զրուցակիցներից մեկը։ Մեկ այլ դիվանագետի խոսքով՝ պատժամիջոցները «կարող են առաջարկվել ցանկացած պահի», ներառյալ այս շաբաթ, և հաստատվել ավելի ուշ:
«Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր է, ինչը նշանակում է, որ նա ունի պարտավորություններ, բայց նույնը վերաբերում է ԵՄ-ին, հատկապես երկրում տեղի ունեցող իրադարձություններին մասնակցելու և դրանց արձագանքման առումով», – ասել է աղբյուրը Politico-ին:
Ըստ Politico-ի՝ ԵՄ-ն այժմ հակված է «ավելի կոշտ միջոցների, որոնք կնշեն, թե որքան թանկ կարող է դառնալ Թբիլիսիի շրջադարձը Եվրոպայից»:
Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել։ Պատճառը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր, թե «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չընդգրկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել դրամաշնորհային ամբողջ բյուջեից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառներն են եղել Եվրամիության մշտական շանտաժը՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջները և վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։