Երևանի բնակիչը դիմակով է շրջում՝ փորձելով պաշտպանվել օդի աղտոտվածությունից
Ամեն օր պատուհանից դուրս նայելուց դիմացի շենքը չեմ տեսնում, դրսում դիմակ եմ կրում, օրվա ընթացքում մի քանի անգամ չափում եմ օդի աղտոտվածությունը։ Ցուցանիշը մտահոգիչ է․ ABC media-ի հետ զրույցում ասել է Երևանի բնակիչ Վաչե Ասատրյանը։
«Ես ապրում եմ Երևանի Հրաչյա Քոչար փողոցում։ Օդն ահավոր վիճակում է։ Երբ դիմակ կրելով դուրս եմ գալիս, մարդիկ զարմացած, «կորոնավիրուս չկա, ինչի՞ է դրել» դեմքի արտահայտությամբ ինձ են նայում։ Մյուս խոշոր քաղաքների համեմատ մեր Երևանը շատ աղտոտված է»,- ասում է Երևանի բնակիչը։
Սոցցանցերում թեմայի վերաբերյալ շատերն են մտահոգություն հայտնել, խոսել լուծումների մասին, նրանց հետ համակարծիք է Վարչեն։
«Աղտոտվածության հիմնական պատճառներից մեկը շինարարությունն է։ Վիճակն օր օրի սրվում է մեքենաների ավելանալու և ծառերի պակասելու պատճառով։ Շատերը կարծում են՝ քաղաքապետարանը կարող է լուծել այս խնդիրը, բայց իմ կարծիքով՝ օդի աղտոտվածության մասին պետք է մտածեն բոլորը։ Դա միայն պետության ու քաղաքապետարանի պարտականությունը չէ։ Պետք է պնդենք՝ մեր համայնքում, շրջապատում ծառեր լինեն, կանաչապատ տարածքներ»,- ասում է Վաչե Ասատրյանը։
Բնակիչները մի շարք հիվանդություններ ստանալու սպառնալիքի առաջ են կանգնած՝ նշում է Ասատրյանը։
«Ես չեմ բացառում, որ մեր երեխաները, նման միջավայրում ապրելով, կարող են հետագայում տառապել ասթմայով, սրտանոթային, շնչառական հիվանդությունները»,- նշում է Ասատրյանը՝ հորդորելով դիմակ կրել, պահանջատեր ու հետևողական լինել
Վաչե Ասատրյանը օրվա ընթացքում մի քանի անգամ չափել է օդի աղտոտվածությունը։
Օդի աղտոտվածության վերաբերյալ ABCmedia-ն ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով բնապահպանի, թոքաբանի և բնակիչների կարծիքը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
Լուսանկարները՝ Վաչե Ասատրյանից