Հետաձգված խաղաղության պայմանագիր, հայտնվող-անհետացող դրոշ և Փաշինյանի խաղերը․ ռուսական մամուլի ամփոփում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ԱՊՀ ամենամյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ կորոնավիրուսի պատճառով։ Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով թռչում էր ԱՊՀ գագաթնաժողովին, ևս ստիպված է եղել շտապ վերադառնալ հայրենիք, գրել է Коммерсант-ը։ Ինչպես նշվել է ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել, թե նրանցից ո՞վ է խաթարում խաղաղ կարգավորումը և մեծացնում սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասում։ Մինչդեռ մեկ տարի առաջ Ցարսկոյե Սելոյում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Բաքվի և Երևանի աղբյուրները կանխատեսում էին, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը կավարտվի 2024 թվականի սկզբին։ Սակայն մինչ օրս, համաձայնեցնելով փաստաթղթի նախագծի 17 հոդվածներից 15-ը, կողմերը փակուղի են մտել միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից զերծ մնալու և այլ երկրների ներկայացուցիչներին սահմանին չտեղակայելու վերաբերյալ դրույթների քննարկման ժամանակ։
Ինչպես նկատել է պարբերականի թղթակիցը, նիստից առաջ Հայաստանի դրոշը չի ծածանվել դահլիճում, մինչդեռ ադրբեջանականը չի հեռացվել։ Սակայն հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ Հայաստանի դրոշը կրկին հայտնվել է։
Քաղաքագետ Դմիտրի Ֆետիսովի կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է երկրի ժողովրդին ցույց տալ իր հեռավորությունը Ռուսաստանից։
Նա նշել է, որ Հայաստանի բնակիչների համար Ղարաբաղի կորուստը համազգային լայնածավալ ողբերգություն է։ Երկրում ամեն ինչ արվել է, որպեսզի հասարակ մարդիկ հավատան, որ Մոսկվան չի օգնել Երևանին այս իրավիճակում։
«Փաշինյանին պարզապես ստիպում են սիրախաղ անել և ցույց տալ իր ընտրողներին, իր քաղաքացիներին, որ հեռանում է Ռուսաստանից, ավելի քիչ շփումներ է ունենում Կրեմլի հետ և, ընդհակառակը, փորձում է ավելի շատ շարժվել դեպի Ֆրանսիա և ԱՄՆ, առաջին հերթին՝ Ֆրանսիա։ Դա մաքուր քաղաքական հաշվարկ է»,- ասաց քաղաքագետը։
Նա հավելել է, որ այս քաղաքական վեկտորը ձեռնտու է վարչապետին։ Ֆետիսովը նաև մեկնաբանել է Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելը՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով։ Փորձագետի կարծիքով, եթե նույնիսկ դա ճիշտ է, ապա Փաշինյանը «չգալու ֆորմալ պատճառ ունի»։