
Արցախի ղեկավարությունը դատարկ պարծենկոտություն երբեք չի ունեցել․ քաղաքագետ
44-օրյա պատերազմից ու, առավել ևս, Արցախի կորստից հետո հնարավոր է հաճախ նկատել այս կամ այն տաղավարում իշխանական և մերձիշխանական տարբեր բանախոսների, որոնք առաջ են մղում մի այսպիսի միտք՝ 2018–ից առաջ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը համոզված էր, որ պատերազմի դեպքում «թեյ է խմելու» Բաքվում․ սոցցանցի իր էջում գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Ու դա «փաստարկելու» համար բերվում են ինչ-որ «անձնական շփումների» մասին խոսքեր, առանց, իհարկե, կոնկրետ անունների, և կամ՝ երբեմն հնչած հրապարակային հայտարարություններ, թեև դրանց հեղինակներից և ոչ մեկը չի եղել Հայաստանի կամ Արցախի քաղաքականության անմիջական մշակող, պատասխանատու, իրացնող։
Բայց պարզ է այդ խոսակցությունների գեներացման նպատակը․ ստեղծել հանրային մտայնություն ու տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարները մինչև 2018 թվականը ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք։
Սակայն այդ խոսակցությունները ոչ միայն դատարկախոսություն են, այլ, ըստ էության, իրավիճակը անամոթ նենգափոխում։ Որովհետև թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բուն ղեկավարությունը երբեք չի տածել այդպիսի դատարկ պարծենկոտություն։ Իշխանական շատ պատգամավորնե՞ր, ֆունկցիոներնե՞ր, այո՛, արել են այդպիսի հայտարարություններ։ Բայց ցանկացած ողջախոհ մարդու համար պարզ է, որ դա քիչ կապ ունի իրական վարվող քաղաքականության և դիվանագիտության հետ։
Կամ եթե մարդը չի պատկերացնում այդ պարզ բանը, ուրեմն՝ կա՛մ անկեղծ ու ազնիվ չէ, կա՛մ համարժեք չէ քաղաքականության ընկալման հարցերում։
Երևանն էլ, Ստեփանակերտն էլ՝ բուն քաղաքականությունն իրականացնողների շրջանակում, իսկ դա միշտ եղել է թերևս մեկ ձեռքի մատների վրա հաշվվող մարդկանց շրջանակ, իրական քաղաքականության ռեժիմում զերծ են եղել դատարկ պարծենկոտությունից։ Ունեցե՞լ են սխալներ։ Իհարկե, շատ, մեծ։ Բայց դա լրիվ այլ հարց է, դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծելը՝ այլ։
Իսկ թե ինչո՞ւ է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել այդ պատրանքը, վաղուց, թերևս, չունի բացատրության կարիք»,- նշում է Բադալյանը։


