
Իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին, կանգնած եմ մեր եկեղեցու կողքին․ Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն իր աջակցությունն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին ու հայտարարել, որ կանգնած է Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին։
«Հայ Առաքելական եկեղեցին եղել է հայերի ազգային ինքնության ձևավորման մեջ առանձնահատուկ տեղ, ստանձնել է ազգապահպանության գործը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության հենքն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Եկեղեցին մեր պատմության ընթացքում եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հիմքը, մեր խղճի ու հոգու պահապանը։ Եվ այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, որոնց զուգահերաբառ հաջորդեցին նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները։ Այս ամենը չի կարող չմտահոգել յուրաքանչյուր հայի, ով ազգային գաղափարներով և իր հայ տեսակով զտարյուն է, ազգի նվիրյալ։
Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ պետականաշինության դժվարին ժամանակահատվածում։
Լուծել է արցախցիների հոգսերը և մշտապես եղել է մեր ժողովրդի կողքին։
Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են պետության կազմաքանդման քաղաքականության։
Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրենի գործողությունները։
Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին, ինչպես նաև կանգնած եմ մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։ Համոզված եմ, որ, ի վերջո, կհաղթի արդարությունը»,- հայտարարել է Բալասանյանը։