
«Հեղափոխական» Փաշինյանը շահագործում է հասարակ մարդկանց վախն՝ իշխանությունը պահելու համար․ МК
Հոկտեմբերի 28-ի երեկոյան Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան «ձերբակալել» են Մոսկվա-Երևան չվերթից իջնելու պահին։ Համբարձումյանը հայտարարել է, որ թաքնվելու մտադրություն չունի։ Սա նշանակում է, որ նրա վերադարձը Մոսկվայից հայրենիք, չնայած հեռակա ձերբակալությանը, ցուցադրական ժեստ էր. գրել է Московский Комсомолец-ը։
Ինչպես նշվել է, Համբարձումյանը նախկինում առաջադրվել էր որպես ՀՀ վարչապետի թեկնածու «Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների կողմից, որոնք վերջերս նախաձեռնել էին Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու միջնորդություն։ Այսինքն՝ եթե ներկայիս վարչապետի իմպիչմենտն անցներ խորհրդարանում, Մասիսի քաղաքապետը կդառնար կառավարության ղեկավարը։
Կայքն ընդգծել է, որ Փաշինյանն ընտրություններից առաջ իր ժողովրդին ցույց տալու ոչինչ չունի՝ բացատրելու, թե ինչու պետք է իշխանության գլուխ մնա ևս հինգ տարի։
«Ոչ մի նվաճում, միայն պարտություններ և ամոթ։ «Հեղափոխական» Փաշինյանը Հայաստանին բերել է միայն ազգային նվաստացում և վախ։ Վախ, որ իրավիճակը կարող է ավելի վատանալ։ Օրինակ՝ ռումբերը կարող են ընկնել Հայաստանի մայրաքաղաքի վրա, և Երևանը կվերածվի Գազայի։ Փաշինյանը շահագործում է հասարակ մարդկանց այս վախն՝ իշխանությունը պահելու համար։ Իհարկե, նրան մրցակիցներ պետք չեն, որոնք կբացատրեն, որ փակուղուց դուրս գալու ելք կարող է լինել, բացի հետագա նվաստացումից և ամոթից։ Հետևաբար, «ճնշումների թեժությունը» միայն կուժեղանա», – գրել է МК-ն։
Երևանի դատարանը Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6.3 տարվա ազատազրկման 2018 թվականի գործով։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ նա, ենթադրաբար, խոչընդոտել է քաղաքացիների տեղաշարժը դեպի Երևան՝ Փաշինյանի աջակցության հանրահավաքին մասնակցելու համար, որն այդ ժամանակ իրականացնում էր իր «թավշյա հեղափոխությունը»։


