
Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիներն անընդունելի են, դրանք բախումների կարող են տանել․ Տեր Եսայի քահանա Արթենյան
Հովհաննավանքի շուրջ ստեղծված իրավիճակում մեր իրավապահ համակարգը հապաղում է կամ, մեղմ ասած, անգործության է մատնված․ այս մասին այսօր լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ինչ վերաբերում է Հովհաննավանքը զավթելուն, նրա խոսքով, հաղորդում տրվել է։
«Սա հանցագործություն է, խախտվում է տվյալ եկեղեցու մյուս սպասավորների գործունեությունը և ծիսաարարողական կյանքը»,- ասել է Տեր Եսային։
«Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծմանն են ուղղված, մեզ համար անընդունելի են, այն, որ կարող են ինչ-որ խմբով գնալ Հովհաննավանք, իրենց դուրս վռնդել այնտեղից․․․ Սա բախումների կարող է տանել։ Այս առումով մենք ձեռնպահ ենք՝ հավատքով և հույսով, որ իրավապահներն իրենց գործը կկատարեն»,- ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ Ասատրյան) փոխել է Հովհաննավանքի դռների փականները և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի։


