
Շատ արտակարգ վիճակ է, հոյակապ վիճակ է, ընտիր վիճակ է մեզ մոտ. Շաքիի վարչական ղեկավար
Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու և բնակչուհու վիրավորվելու դեպքից հետո ABC Media-ն զրուցեց Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանի հետ։
Մանուչարյանը սկզբում նշեց, որ դեպքի վերաբերյալ տեղեկություն չունի, և խորհուրդ տվեց դիմել այլ կառույցների։
«Ես ոչ մի բան չգիտեմ, զանգեք ուրիշ տեղ»,- ասաց նա՝ ի պատասխան դեպքի և գյուղում ստեղծված իրավիճակի մասին հարցերի։
ABC Media-ի դիտարկմանը, թե ինքը Շաքիի վարչական ղեկավարն է, և դեպքը տեղի է ունեցել հենց իր ղեկավարած բնակավայրում, Մանուչարյանը պատասխանեց․ «Հա, ի՞նչ անենք, ամեն ինչ նորմալ է»։
Մեր հարցին՝ արդյոք նորմա՞լ է, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է գյուղում, վարչական ղեկավարն ասաց․ «Իսկ ո՞վ է ասում, որ ադրբեջանցի է մտել»։
Դիտարկմանը, որ դեպքի մասին արդեն հայտնել է ՀՀ ԱԱԾ-ն, Մանուչարյանը կրկին առաջարկեց հարցերն ուղղել ԱԱԾ-ին։ Միաժամանակ, Շաքիի վարչական ղեկավարը պնդեց, որ բնակավայրում իրավիճակը նորմալ է։
«Շատ արտակարգ վիճակ է, հոյակապ վիճակ է, ընտիր վիճակ է մեզ մոտ»,- ասաց նա՝ ընդգծելով՝ առանց հեգնանքի է ասում։
«Շատ էլ ճիշտ եմ խոսում, և պատասխան եմ տալիս իմ խոսքերի համար։ Ամեն մարդ իր գործով է զբաղված, գյուղացին՝ իր գործով, ղեկավարը՝ իր գործով, մյուսը՝ իր գործով»,- ասաց նա։
Մեր հարցին, թե ի՞նչ վիճակում է այն կինը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, վիրավորվել է դեպքի ընթացքում։
«Ես չգիտեմ, ես վիրավորված կնոջը չեմ ճանաչում, ոչ մեկին էլ չեմ ճանաչում»,- ասաց Մանուչարյանը։
Հարցին, թե ինչպես կարող է վարչական ղեկավարը չճանաչել գյուղացուն, Մանուչարյանը կրկին պատասխանեց․ «Չգիտեմ, ես չեմ ճանաչում»։
Վերջում նա կրկին ընդգծեց, որ Շաքիում կյանքը բնականոն հունով ընթանում է։
«Մեր գյուղում ամեն ինչ նորմալ է, նորմալ, բնականոն հունով կյանքն ընթանում է, ավելի լավ, քան ուրիշ գյուղերում, քան ուրիշ բնակավայրերում, քան ուրիշ տեղերում»,- ասաց Շաքիի վարչական ղեկավարը։
Շաքի գյուղի դպրոցի տնօրեն Վաղինակ Հարությունյանն ABC Media-ին հայտնեց, որ գյուղացիները զինված ադրբեջանցու մասին իրազեկված չեն եղել։ Թեպետ ԱԱԾ-ն այսօր հայտարարել է, որ ադրբեջանցու ներթափանցման մասին իրենք դեռ սեպտեմբերի 29-ին են տեղեկացված եղել։
Սիսիանի բժշկական կենտրոնից էլ ABC Media-ին տեղեկացրել են, որ Շաքիից իրենց դիմած կինը վիրաբուժական բաժանմունքում է։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, 112 ահազանգ է ստացվել Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու վերաբերյալ։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ կրակողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող է, որը ձերբակալվել է։
Դեպքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։


