Խայտառակության ու ամենաթողության դրսևորում, որը սպասելի էր։ Լրագրողներին ասել է Վազգեն Սաղաթելյանի եղբայր, քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
«Փաստաբանները ունեն իրենց տրամաբանությունը, բայց քանի որ գործընթացը քաղաքական էր, այլ ակնկալիքներ չունեի։ Չնայած դատական համակարգի նկատմամբ ունեցած վստահությանը, այսօրվա նիստից հետո հասկացա՝ տեղին չէր։ Վազգենի հետ կատարվեց այն, ինչ Սամսոնյանի»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը տեռոր էր այլակարծության նկատմամբ և այդ գործընթացը շարունակական է։
«Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ, ավաղ, վերջինը։ Հակառակը՝ գնալով ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու, որովհետև ավելանալու են այլախոհները, նրանց ձայնը ավելի բարձր է հնչելու։ Ճիշտն ասած, նման եղանակներով այլակարծության դեմ պայքարելու իմաստը չեմ հասկանում, որովհետև այսպիսի ժամանակներում չես կարող լռեցնել բոլոր մարդկանց։ Մեր հանրությունը բազմիցս ականատես է եղել, օրինակ, ինչպես է գործող իշխանությունը հարթակներից հարթակներ թռչում՝ ասելիքը հաղորդելու համար»,- ասել է Սաղաթելյանը։
Դատական գործընթացն իր հունով ընթանում է, կազմում են հատուկ արձանագրություններ՝ նշել է Սաղաթելյանի։
Հիշեցնենք՝ այսօր Շենգավիթի դատարանը որոշեց 2 ամիս ժամկետով կալանավորել «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակ-վարող Վազգեն Սաղաթելյանին։
Նրան ձերբակալել էին իշխանությանը հայհոյելու մեղադրանքով։
Սաղաթելյանի փաստաբան Արմեն Բաբայանը «Facebook» սոցիալական էջում գրել էր, որ դատարանը մերժել է Սաղաթելյանի հետ մի քանի պատգամավորների հանդիպումն ու ավելացրել․«Նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին»։