ABCMEDIA
Սպասելի են ճնշումները բոլոր այն կառույցների վրա, որոնք ազդեցություն ունեն շարժման վրա. քաղտեխնոլոգը՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ կանչելու լուրի մասին

Սպասելի են ճնշումները բոլոր այն կառույցների վրա, որոնք ազդեցություն ունեն շարժման վրա. քաղտեխնոլոգը՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ կանչելու լուրի մասին

Հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումները շարունակվում են։ Այս անգամ թիրախը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Վերջինիս, ըստ մամուլում տարածվող տեղեկությունների, կանչել են ԱԱԾ։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ սա, իհարկե, սպասելի գործիքակազմ է։

«Բոլոր այն կառույցների և երթի մասնակիցների նկատմամբ, որոնք բավականին ակտիվ են և բացի ակտիվ լինելուց, նաև ազդեցություն ունեն պրոցեսների վրա, ճնշումները սպասելի էին։ Մանավանդ եկեղեցու ամենահայտնի, հեղինակավոր ու սիրված արքեպիսկոպոսներից մեկ է Արշակ Սրբազանը, նա կարգավիճակ ունի, Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետն է»,- ABCmedia-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Փորձագետի խոսքով` եթե ինչ-որ մեկին պաշտոնապես կանչում են ԱԱԾ, դա արդեն որոշակի բացասական էմոցիաներ է առաջացնում, ինչը և ազդում է հանրության վրա։

«Այս գործընթացն ասոցացվում է հոգեբանական ճնշման հետ։ Կարծում եմ ավելի շատ փորձ է արվում ոչ միայն կոնկրետ մարդու վրա հոգեբանական ճնշում գործադրել, այլ այն քարոզչական բնույթ է կրում։ Սա անում են, որպեսզի դրա մասին խոսեն, որպեսզի որոշակի շրջանակների վրա ազդեցություն թողնեն։ Ուզում են ասել՝ տեսեք, եթե նման կարգավիճակ ունեցող մարդուն են կանչում ԱԱԾ, ապա մտածելու տեղ կա»,-եզրափակել է Հակոբյանը։