25 Հնս
2024
ABCMEDIA
Այսօր կհանդիպեն Ադրբեջանի և Իրանի ղեկավարները

Այսօր կհանդիպեն Ադրբեջանի և Իրանի ղեկավարները

Այսօր կհանդիպեն Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը և Էբրահիմ Ռայիսին:

Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում երկրների ղեկավարների հանդիպման մասին հայտարարվել էր դեռ մարտին, սակայն շաբաթներ անց չեղյալ էին հայտարարել, իսկ պատճառները կողմերը չէին նշել։

Հանդիպման ժամանակ տեղի կունենա երկու երկրի սահմաններին կառուցված ամբարտակների և հիդրոհանգույցների բացման արարողությունը, տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի էներգետիկայի նախարարության հաղորդագրությունը։

Իրանի սահմանին՝ Մեխակավանի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։

Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։