Գեղարքունիքի բնակիչներին սպառնացել են չմասնակցել հավաքին, սակայն նրանք այսօր մեր կողքին են․ Գառնիկ Դանիելյան
Գործող իշխանությունը նախօրոք պլանավորված էր եկել՝ լավ իմանալով, թե երբ ու ինչպես է հանձնելու մեր հայրենիքը։ Սոթքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սոթք գալու ամբողջ ճանապարհին խոսում ու վերհիշում էինք, թե տարիներ առաջ որքան ուրախությամբ էինք անցնում այստեղով՝ գնալով Արցախ։ Հիմա Արցախ տանող ճանապարհը փակ է այս իշխանության պատճառով»,- ասել է Դանիելյանը։
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզպետին՝ Դանիելյանը նրան խոպանչի է անվանել ու նշել, որ նա չպետք է որոշի, թե ով կարող է գալ երթի, հանրահավաքի մասնակցի։
«Նրանք սպառնում են քաղաքացիներին, սակայն դա ոչինչ չի փոխում։ Մեր արժանապատիվ հայրենակիցները ամբողջ ճանապարհին մեզ դիմավորել են ու նշել, որ իրենց համար հայրենիքից կարևոր ոչինչ չկա։ Նրանք անսալով այդ սպառնալիքներին՝ եկել են ու գալու են մինչև հաղթանակ։ Այդ բոլոր ապօրինությունները մենք արձանագրում ենք։ Հավատացնում եմ՝ նրանք բոլորը պատասխանատվության են ենթարկվելու։ Նման վարք ցուցաբերողներին հորդորում եմ հանցակից չդառնալ, որովհետև պատասխանատվության ենթարկվելու ժամանակը մոտ է»,- ասել է Դանիելյանը։
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել իրենց Գեղարքունիքում ընդունած քաղաքացիներին, հույս հայտնել, որ հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, նրանց կտեսնի Հանրապետության հրապարակում։