13 Հոտ
2024
21.1° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախյան պատերազմ, խոսքի ազատություն և տնտեսություն՝ Amnesty International-ի վերջին 4 տարիների զեկույցներում ՀՀ վերաբերյալ առանցքային կետերը  

Արցախյան պատերազմ, խոսքի ազատություն և տնտեսություն՝ Amnesty International-ի վերջին 4 տարիների զեկույցներում ՀՀ վերաբերյալ առանցքային կետերը  

Amnesty International միջազգային կազմակերպությունն իր առաջին տարեկան զեկույցը հրապարակել է 1962 թվականին։ Այն ներկայացնում է մարդու իրավունքների վիճակն՝ ընդգրկելով ամբողջ օրացուցային տարին՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ ներառելով մոտ 150 երկիր (ստույգ թիվը տարբերվում է տարեցտարի)։ Զեկույցն, ըստ էության, մարդու իրավունքների հիմնական խնդիրների գլոբալ և տարածաշրջանային վերլուծություն է: Կազմակերպությունը երկրներին չի դասակարգում վարկանշային աղյուսակով կամ միավորներով։ Ըստ կազմակերպության մոտեցման՝ երկրների համեմատությունը հղի է բարդություններով և կպահանջի դատողություններ մարդու իրավունքների խախտումների հարաբերական կարևորության վերաբերյալ: Օրինակ՝ մի երկիր կարող է մեծապես հարգել քաղաքացիական ազատությունները, սակայն մերժել փոքրամասնություններին առողջապահական ծառայությունների տրամադրման հարցում, մինչդեռ մեկ այլ երկիր կարող է սահմանափակել կառավարության դեմ բողոքի ակցիաները:

Amnesty International-ի 2020-ից 2024 թվականների «Աշխարհում մարդու իրավունքների վիճակի»  մասին զեկույցներում Հայաստանի վերաբերյալ հատվածները ներառում են մարդու իրավունքների մի շարք մտահոգություններ, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության և քաղաքացիական իրավունքների ներքին խնդիրների համատեքստում: Արցախի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունը կրկնվող թեմա է: 2020 թվականի հակամարտությունը հանգեցրել է տեղահանությունների և քաղաքացիական բնակչության զգալի զոհերի, մինչդեռ ռազմական հանցագործությունների հետաքննությունը դանդաղ է ընթացել 2020-2024թթ ընթացքում։ 

Անվտանգային իրավիճակի տեսանկյունից՝ 2020/2021թ-ի զեկույցում առանցքային է եղել Արցախյան երկրորդ պատերազմը։ 2020թ-ի սեպտեմբերի 27-ին ծանր մարտեր են բռնկվել Ադրբեջանի, Հայաստանի և հայկական կողմից աջակցվող Լեռնային Ղարաբաղի ուժերի միջև: Ադրբեջանի հետ ռազմական բախման արդյունքում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, վիրավորվել և տեղահանվել։ Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ հակամարտության թեժ պահին շուրջ 90,000 էթնիկ հայեր տեղահանվել են Արցախից դեպի Հայաստան։ Պատերազմում պարտությունը հանգեցրել է քաղաքական անկարգությունների և վարչապետի հրաժարականի պահանջի՝ ներքաշելով երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ: Վարչապետի նստավայրի վրա հարձակման մեղադրրանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել է բողոքի ակցիայի 12 մասնակից։ 2021/2022թ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության հարցը շարունակել է մնալ անկայուն՝ պայմանավորված սահմանազատման գործընթացի անորոշությամբ: Երբեմն պատահական միջսահմանային մարտերի արդյունքում՝ եղել են զոհեր՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական: 2022/2023թ-ին անդրադառնալով ՀՀ-ին՝ զեկույցի հեղինակները նշել են, որ երկիրը ոչ մի առաջընթաց չի գրանցել 2020-ի հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մնացել է լարված` հաճախակի փոխհրաձգություններով: Ադրբեջանական հրետակոծությունները բուն Հայաստանի՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի տարածքում, հանգեցրել են ավելի քան 200 զոհերի, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձի: Հոկտեմբերին Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել իրենց սահմանի երկայնքով ԵՄ մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ: 2023/2024 թ.-ին հանրային դժգոհությունն ու բողոքի ակցիաներն աճել են կառավարության կողմից հարևան Ադրբեջանի հետ լարվածության կարգավորման շուրջ, ներառյալ Ադրբեջան կողմից էթնիկ հայերով բնակեցված Արցախի շրջափակումը և ռազմական ճանապարհով գրավումը: Ավելի քան 100.000 փախստականների ներհոսքն ավելացրել է տնտեսական և հումանիտար դժվարությունները: Ռուսաստանի հետ հարաբերությունները, որին Հայաստանը համարում էր իր անվտանգության երաշխավորը, կտրուկ վատթարացել են։

Տնտեսական տեսանկյունից 2020/2021 թ.-ին ՀՀ վրա զգալի ազդեցություն են ունեցել հակամարտությունն ու համաճարակը, որոնք երկուսն էլ խորտակել են տնտեսությունն ու առողջապահական համակարգը: Հիվանդանոցներն ու առողջապահության ոլորտը եղել են գերծանրաբեռնված՝ փորձելով ապահովել համավարակի և պատերազմի պատճառով հիվանդների աճող թվի խնամքը: Կառավարությունը սահմանափակ ֆինանսական օգնություն է տրամադրել աշխատանքը կորցրածներին և մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին: 2021/2022 թ-ին կորոնավիրուսայի համաճարակը և 2020 թվականի հակամարտությունն ու դրա հետևանքներն էլ ավելի են սրել երկրի տնտեսական դժվարությունները: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի 8% անկում, ինչը հանգեցրել է 70,000 մարդու աղքատացման և 720,000 մարդու սոցիալական վիճակի վատթարացման։ Համավարակի ընթացքում տարեցներն ու սոցիալական ցածր խմբերում ընդգրկված մարդիկ, սահմանափակումների և հանրային առողջապահական ռեսուրսների ոչ ճիշտ վերաբաշխման պատճառով, բախվել են առողջապահական խնամքի հասանելիության ավելի մեծ խոչընդոտների։ Զգալիորեն նվազել է նաև կենցաղային ու առաջին անհրաժեշտության ծախսերը հոգալու նրանց կարողությունը՝ մասնավորապես, կենցաղային, կոմունալ ծառայությունների, սնունդի, դեղերի և բժշկական ծառայությունների ոլորտներում։ Ուկրաինայում պատերազմով պայմանավորված՝ ռուսների լայնածավալ արտագաղթը դեպի Հայաստան օժանդակել է տնտեսական գործունեությանը 2022/2023 թ.-ին, բայց այն նաև նպաստել է վարձակալության գների և, ընդհանուր առմամբ, ապրուստի արժեքի բարձրացմանը: 2023/2024-ին տնտեսությունը մնացել է մեծապես կախված Ռուսաստանից, այդ թվում՝ հիմնական ներմուծումների ու դրամական փոխանցումների առումով: Ավելի քան 100.000 մարդ, ըստ էության Արցախի ողջ էթնիկ հայ բնակչությունը, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին մի քանի օրվա ընթացքում տեղահանվել է Հայաստան: Հայաստանի իշխանությունները հիմնականում բավարարել են մեծաթիվ փախստականների այս արագ ներհոսքի ժամանակավոր կարիքները: Մտահոգություններ, այնուամենայնիվ, մնացել են՝ կապված երկարատև լուծումների և համապատասխան բնակարանների, եկամտի և աշխատանքի հասանելիության հետ:

Խոսքի և հավաքների ազատություններ 2020/2021 թ-ին սահմանափակվել են ամբողջ տարվա ընթացքում՝ առաջին անգամ մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արտակարգ դրության արդյունքում՝ COVID-19-ի համավարակի պատճառով, և այնուհետև սեպտեմբերից մինչև տարեվերջ՝ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների պատճառով: Արտակարգ դրության պայմաններում՝ կառավարությունը, ի թիվս այլ սահմանափակումների, արգելել է նաև ավելի քան 20 հոգու մասնակցությամբ հանրային հավաքների կազմակերպումն ու համավարակի հետ կապված խնդիրների վերաբերյալ «ոչ պաշտոնական տեղեկատվության» հրապարակումը: Իշխանությունները 20 լրատվամիջոցի ստիպել են փոփոխել կամ ջնջել այն տեղեկությունները, որոնք պաշտոնյաները համարել են «խուճապի տարածմանը նպաստող» տեղեկություն: Տեղական և միջազգային իրավապաշտպան խմբերի կոշտ քննադատությունից հետո՝ ապրիլին ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները հանվել են: Այն ժամանակ ռազմական դրության պատճառով՝ նոր սահմանափակումներ են դրվել խոսքի և հավաքների ազատության իրավունքների վրա: Հոկտեմբերի 9-ին խորհրդարանը հաստատել է մի նախագիծ, որով արգելում էր «ոչ պաշտոնական տեղեկատվության» տարածումը հակամարտության և ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հասարակական ցանկացած քննադատություն՝ ռազմական գործողությունների և պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ: Նոյեմբերին՝ զինադադարի հասնելուց հետո, ռազմական դրության սահմանափակումներ են դրվել նաև խաղաղ հավաքների ազատության վրա՝ արգելելու վարչապետի հրաժարականը պահանջող հակակառավարական ցույցերը։ 2021/2022թ.-ին խաղաղ հանրահավաքներ ու բողոքի ցույցեր հիմնականում թույլատրվել են ամբողջ տարվա ընթացքում։ Հունվարին կառավարությունը չեղյալ է համարել հանրային առողջության և արտակարգ իրավիճակների մասին օրենքների հետ կապված սահմանափակումների մեծ մասը՝ ներառյալ հանրային հավաքների սահմանափակումները։ Այդուամենայնիվ, ազատ կամարտահայտման իրավունքը կամ խոսքի ազատությունը շարունակել է անհիմն կերպով սահմանափակվել։ Կառավարությունը մի քանի օրենսդրական փոփոխություններ են իրականացրել, որոնք սահմանափակել են անկախ լրատվամիջոցների գործունեությունն ու այլ քննադատական ձայները։ Մարտին ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը հասցրել է 6 միլիոն դրամի։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով էլ ԱԺ-ի կողմից քրեականացվել է հասարակական գործիչներին վիրավորելը։ Ըստ կատարված փոփոխությունների՝ կրկնակի վիրավորանքների համար սահմանվել է պատիժ՝ մինչև երեք ամիս ազատազրկում: Հիմնվելով օրենսդրական փոփոխությունների վրա՝ սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել ֆեյսբուքյան օգտատերերի դեմ՝ վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություններ գրելու համար։ Իշխանությունները շարունակել են անհիմն քրեական հետապնդում իրականացնել Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերին՝ նրա առցանց տրված հարցազրույցից հետո, որտեղ, խոսելով Հայաստանում բնակվող էթնիկ եզդիների առջև ծառացած խնդիրների մասին, նա քննադատաբար էր վերաբերվել ՀՀ-ում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների նկատմամբ երկրի վերաբերմունքին։ Մինչդեռ 2022/2023 թ.-ին իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում: Սահմանափակվել է խոսքի ազատությունը. հարյուրավոր անձինք ենթարկվել են քրեական հետապնդման պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար: Խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով: Կառավարության դեմ ուղղված մի շարք բողոքի ցույցեր տեղի են ունեցել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում։ Բողոքները, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցությունների պատճառով, հաճախ եղել են լայնածավալ ցույցերի տեսքով։ Լրատվամիջոցների իրավունքների հարցերով դիտորդները հաղորդել են, որ առնվազն 11 լրագրող է վիրավորվել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում բողոքի ցույցերը լուսաբանելիս։ Մինչև տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար: Հուլիսի 4-ին Գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները, որոնցով կառավարությունը լիազորություննր է ստանում արգելափակելու այն առցանց բովանդակությունը, որը վնասակար է համարում՝ առանց նախնական դատական վերահսկողության, մտահոգություններ է առաջացրել համացանցում խոսքի ազատության նկատմամբ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ: 2023/2024 թ-ին բողոքի ցույցերը փողոցներում համատարած բնույթ են կրել։ Պարբերաբար հաղորդում է ստացվել բռնության դեպքերի մասին ցուցարարների կողմից, ինչպես նաև ոստիկանության կողմից անհարկի, անհամաչափ և երբեմն ոչ խտրական ուժի կիրառման մասին: 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին հազարավոր մարդիկ հավաքվել են մայրաքաղաք Երևանում՝ պահանջելու վարչապետի հրաժարականը և բողոքելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակման դեմ: Որոշ ցուցարարներ կոտրել են կառավարական շենքերի պատուհանները և բախվել ոստիկանների հետ: Հաղորդվել է, որ ավելի քան 140 ցուցարարներ բերման են ենթարկվել, իսկ ավելի քան 30-ը՝վիրավորվել: Ցուցարարների մեծ մասն ազատ է արձակվել առանց մեղադրանքի, մինչդեռ ոմանց նկատմամբ վարչական և քրեական վարույթներ են հարուցվել: Մինչև տարվա վերջ ոստիկանության կողմից ուժի ապօրինի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ կրկին ոչ մի արդյունավետ հետաքննություն չի իրականացվել։ Լրատվական միջավայրը մնացել է հիմնականում ազատ և բազմակարծիք, բայց այն խորապես բևեռացված է եղել Արցախի հարցի և Ադրբեջանի հետ հակամարտության վրա: Միջազգային դիտորդները նաև հայտնել են ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի մասին: Մտահոգություններ են մնացել՝ կապված լրագրողների անվտանգության հետ, որոնք շարունակել են պարբերաբար ճնշման, վիրավորանքների և բռնության ենթարկվել կառավարության կողմնակիցների կողմից: Առնվազն երկու լրագրող հայտնել են, որ առցանց ոտնձգությունների և սպառնալիքների ինտենսիվ արշավի են ենթարկվել, այդ թվում՝ որոշ պետական պաշտոնյաների կողմից, հուլիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի իրադարձությունների վերաբերյալ վարչապետին ուղղված իրենց քննադատական հարցադրումներից հետո: Տարեվերջին շարունակվել է լրագրողական գործունեության նկատմամբ այս ենթադրյալ միջամտության առնչությամբ հետաքննությունը: Կառավարության՝ առցանց ազատ արտահայտվելը սահմանափակելու փորձերը կանխվել են այն բանից հետո, երբ 2022 թվականի դեկտեմբերին առաջարկված փոփոխությունների նախագիծը միջազգային քննադատությունից հետո կասեցվել է: Փոփոխությունները լիազորություն կտային կառավարությանը գրաքննության ենթարկել առցանց բովանդակությունը, արգելափակել կայքերը և սահմանափակել ինտերնետի հասանելիությունը ռազմական դրության ժամանակ։