28 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ական պատգամավորը թիրախավորում է արցախցիներին, ՄԻՊ-ը` մեկնաբանում

ՔՊ-ական պատգամավորը թիրախավորում է արցախցիներին, ՄԻՊ-ը` մեկնաբանում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «24news.am» լրատվականի հետ զրույցում հայտարարել է․«Արցախցիները թող մեր երկրի գործերին չխառնվեն, հյուրի նման իրենց պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ»։

Արցախցիներին թիրախավորող, ատելության խոսք տարածող այս հայտարարությանը արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը։

«Այս վարքագիծն արդեն վեր է արցախցիներին թիրախավորելուց։ Նրանք հստակ հակահայ գործողություններ են իրականացնում, ներազգային անջատումներ ստեղծում»,-ABC media-ի հետ զրույցում ասել է նա։

Պատգամավորը իրավական համակարգի ուշադրությունն է հրավիրել ու նշել, որ այս հայտարարությունները չպետք է օդում մնան, պետք է ստանան համարժեք պատասխան, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն։

ABC media-ն դիմել է ՄԻՊ գրասենյակ` մեկնաբանություն ստանալու։ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանի խոսքով՝ ՄԻՊ-ը առանձին քաղաքական գործիչների խոսքը չի մեկնաբանում։

«Հայաստանյան հանրային խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։ Պաշտպանն այս հարցին անդրադարձել է մշտապես՝ ընդգծելով, որ տարբեր հիմքերով անձանց թիրախավորումը պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ անելով զերծ մնալ անհանդուրժողականություն քարոզող արտահայտությունների կիրառումից»,- ասել է Ասլանյանը։

Լիլիթ Գալստյանի կարծիքով` Պաշտպանի նման արձագանքն այդքան էլ ողջունելի չէ։ Այստեղ անելիք ունեն ինչպես ՄԻՊ-ը, այնպես էլ Դատախազությունը։