02 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկու անձ վնասվածք է ստացել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երկու անձ վնասվածք է ստացել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողությունները՝ օգոստոսի 29-ին «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած համերգի ընթացքում և դրանից հետո մի խումբ անձանց կողմից հակահասարակական գործողություններ թույլ տալու վերաբերյալ ստացված հաղորդման մեջ նշված հանգամանքների իսկությունը պարզելու և մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ 2024 թվականի օգոստոսի 29-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզում գտնվող «Ռապի» լիճ կոչվող տարածքում կազմակերպված համերգի մասնակիցների և այնտեղ գտնվող անծանոթ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, մի խումբ անձինք խուլիգանություն են կատարել և վերջիններս համերգի մասնակիցներին  սպասում են Գեղաձոր գյուղի ճանապարհին՝ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, ինչպես նաև ծեծի են ենթարկում մարդկանց, քարերով հարվածում են երաժիշտի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ: Այդ մասին Ոստիկանությանն ահազանգել են նաև համերգի առանձին  մասնակիցներ։

Դրանց և ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվի առնելով կատարված ահազանգերի քանակը և բնույթը, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանցով պայմանավորված՝ անհրաժեշտ է կատարել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` ստեղծվել է քննչական խումբ, որն  անմիջապես ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

Քննիչների կողմից զննվել է դեպքի վայրը, որի ընթացքում քննությանը հետաքրքրող առարկա, ինչպես նաև՝ տեսանկարահանող սարքեր չեն հայտնաբերվել,  դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ դեպքի վերաբերյալ ահազանգեր կատարած անձանց մեծ մասը։ Վերջիններս ցուցմունք են տվել, որ ահազանգերը կատարել են այլ անձանցից լսած տեղեկությունների հիման վրա, որևէ մեկը չի տուժել, մարմնական վնասվածքներ ստացած անձինք, ըստ էության, չկան։

Երաժիշտը հայտնել է, որ ինքը, ինչպես նաև իրենց ավտոմեքենայում գտնվողներից որևէ մեկը, մարմնական վնասվածք չի ստացել և հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ վնասվածք է ստացել երկու անձ, որոնցից մեկը՝ աջ բազկի և աջ սրունք-թաթային հոդի շրջանի քերծվածքի ձևով, ով սակայն չի կարողացել հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել, իսկ մյուսը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ հեռախոսազրույցի ընթացքում հայտնելով, որ ինքը որևէ լուրջ վնասվածք չի ստացել։ Վերջինս պատշաճ ծանուցվել է՝ հարցաքննության ներկայանալու համար, սակայն չի ներկայացել, ինչի պատճառով որոշում է կայացվել վերջինիս հարկադրաբար ներկայացնելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է։