15 Հոտ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արյունոտ լուսանկարի պատմությունը

Արյունոտ լուսանկարի պատմությունը

Ուղիղ չորս տարի առաջ այս օրը հայի կենսակերպն ու բանականությունը փոխվեց․ միանգամից հաղթողից դարձանք մուրացկան, տնանկ ու գաղթական։ Ավելին, հայկական օրակարգը դադարեց գոյություն ունենալ, բոլորը մեզ նայեցի որպես շարքային սգավորի, ով իրենից փաստացի ոչինչ չներկայացնող, անշունչ առարկայի վերածվեց, իսկ Եռաբլուրը՝ եռապատկվեց։

Պատերազմները մարդկության պատմության մեջ գոյություն են ունեցել անհիշելի ժամանակներից, դեռևս նախնադարյան համայնական հասարակարգում մարդիկ պայքարում էին իրենց գոյության համար (լիներ տարածքի հարց, ուտելիքի կամ ուղղակի սիմպատիայի համար պայքար)։ Արդեն կատարված իրողություն է, և 44-օրյա պատերազմը հայկական օրացույցում հավերժ կմնա որպես ստորացման ու հակազգայնության և, ամենակարևորը, դավաճանության մի էջ, երբ բանակը կռվում էր, իսկ իշխանությունը՝ ոչ: Ավելին, բացի այն, որ չէր կռվում՝ տեղեկատվական տեռորով մարդկանց մոտ դոզավորված սուտ ու ապատեղեկություն էր տարածում։

Դառն իրականությունն այն է, որ եթե, անգամ, 44-օրյա պատերազմում հայկական բանակը անպարտելի լիներ, անհնար էր հաղթել Ադրբեջանին, նրան աջակցող Թուրքիային ու ջիհադիստական խմբավորումներին, քանի որ, փաստացի 3 միլիոնանոց Հայաստանը/Արցախը կռվում էր 10 միլիոնանոց Ադրբեջանի ու նրան ամենաբարձր մակարդակի սատարող 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Այս պատերազմում հայկական կողմը պարտվեց, որովհետև ուժերն անհավասար էին։ Ադրբեջանը, Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների և իսրայելական դրոնների օգնությամբ, կարողացավ հարձակման հենց առաջին օրերից հասնել առավելության և այն պահպանեց մինչև Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը շատ հանգիստ մսխեց Նիկոլ Փաշինյանի նման էպոտաժային գործիչը։

Ըստ էության՝ պատերազմը բացահայտեց Հայաստանի պետական ինստիտուտների, քաղաքական մտքի ամլությունը, ինչպես նաև, ցուց տվեց, թե ինչ է լինում երկրի հետ, երբ այն թողնվում է ինքնահոսի և գերակայում է բացառապես պաթետիզմն ու դատարկ հայրենասիրությունը: Միանշանակ է, որ այլևս անհնար է ապրել այնպես, կարծես «ոչինչ էլ չի եղել»: Այն, ինչ կար մինչև 2020-ի սեպտեմբեր, այլևս երբևիցե չի լինի: Հնարավոր չէ վերադառնալ առօրյային, հնարավոր չէ շարունակել հին գաղափարներն ու հին օրակարգերը։

Վստահաբար կարող ենք աևձանագրել, որ 1991-1994 թվականների Արցախյան առաջին պատերազմում Հայաստանի ունեցած տարածքային ձեռքբերումները կորսվեցին 44 օրվա ընթացքում: Այստեղ մի համեմատության անենք, որ, օրինակ, քրդական անկանոն ուժերն Աֆրինում նույն իսլամիստ վարձկանների կողմից աջակցվող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր և ավելի քիչ զոհեր ունեցան, իսկ հայկական կանոնավոր բանակն ադրբեջանա-թուրք-վարձկանների միավորված ուժերին դիմակայեց 44 օր։

Փաշինյանի կողմից այս տարիների ընթացքում (պատերազմի օրերին շատ ավելի ցցուն), արվեց այն, ինչը ապագայի պատմության և քաղաքագիտությոն դասագրքերում պետք է ներկայացվի, որպես պետությունը կործանելու փաստական ապացույց․ թե ինչ չպետք է անի պետության ղեկավարը երկրի հետ, որի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն է: Նա անում է այն ամենը, ինչը հակացուցված է պետականությանը, քանի որ պետությունը վերածվում է զուտ աշխարհագրական տարածքի։ Այսօր Փաշինյանը բոլորին «ապագա», իսկ հետո արդեն՝ «խաղաղություն» է խոտանում․ մանիպուլյացիայի ու «կռուտիտի» վարպետը, ով իր քաղաքական կենսագործունեությունն ամբողջությամբ կառուցել է բացառապես ստի ու կեղծիքի վրա, տարբեր կոմպրոմատներով ինչ-ինչ հաջողությունների հասել, այսօր ազգի համար ապագա է խոստանում, իսկ իրականում՝ պետականաքանդում իրականցնում։

Պատերազմի իրականության և ՀՀ ունեցած անդառնալի կորուստների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ապրում է իր ստեղծած «իրական Հայաստանում», որն իր բառերով ասված, «ներառում է 29,743 քառակուսի կիլոմետր տարածք»։ Հենց սա է՝ փաշինյանական պետությունն ու նրա պատկերացրած ապագան, որն իրականում ոչ թե մշուշի, այլ խավարի մեջ է՝ անապագա ու ամորֆ։  Այլապես դժվար է պատկերացնել, թե այսքան արհավիրքից հետո ինչպե՞ս կարելի է  ժպտալ մի պետության ղեկավարի դեմքին, երբ նա ցանկանում է քեզ բնաջնջել։ Ասվածի դասականը ցուցիչը Փաշինյան-Էրդողան վերջին լուսանկարն է, որը ցույց է տալիս, թե իրականում ինչ է տեղի ունեցել պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և այօր ինչ կարգավիճակում ենք մենք գտնվում։

Ըստ էության՝ Նյու Յորքում «Թուրքական տուն» այցելելով՝ Փաշինյանը ցույց տվեց, որ թքած ունի հայկականության վրա, իսկ Էրդողանի կողմից սա ստորացման մի օրգիա էր, ցույց տալու համար, որ ինքն է «տարածաշրջանի մոդերատորը»․ Փաշինյանն իր հերթին սինլքոր ժպիտով վերահաստատեց, որ դեմ չէ և «պատրոնը» կարող է չկասկածել այդ հարցում։ Սեփական ժողովրդի դարդ ու ցավին չանսացող ղեկավարը կժտպա դարավոր թշնամուն, նրան հեզաբար գլուխ կտա, և դա կանի այն օրը, երբ դրանից ուղիղ մեկ տարի առաջ հայաթափվում էր Արցախը՝ նույն Թուրքիայի կողմից Ադրբեջանին նվիրած «Կոմանդո» ջոկատների կողմից։

Եվ վերջում՝ ինչքան էլ Փաշինյանը փորձի մեղավորներ նշանակել, տարբեր պատճառներ գտնել շրջանցել թեման, փաստ է, որ տեղի ունեցածի առաջին ու առանցքային պատասխանատուն ինքն է, ու երբ հայտարարում էր, թե՝ «ես պատսխանատու եմ, բայց մեղավո՞ր եմ», միանշանակ է, որ այո՛, միակ մեղավորն ու կատարվածի թիվ մեկ պատասխանատուն ինքն է (եթե մեղմ ասենք՝ նա ազնիվ չէ իր գնահատականների մեջ)։ Աներկբա է՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է, և վաղ թե ուշ գալու է քարերը հավաքելու ժամանակը։

Հ․գ․ Ի դեպ Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին գտնվելը Փաշինյանի համար մեծագույն նվեր է, քանի որ ամբողջովին ազատում է վերջինիս Եռաբլուր գնալու մեծագույն բեռից՝ դրա փոխարեն նա ուղղակի հեռվից լուռ կժպտա և ձեռքերը կշփի։

Արմեն Հովասափյան