13 Հոտ
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հարցը փակված չէ ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ դաշնակից և գործընկեր պետությունների համար․ Genesis Armenia

Արցախի հարցը փակված չէ ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ դաշնակից և գործընկեր պետությունների համար․ Genesis Armenia

2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 3-րդ պատերազմն ուղեկցվեց մարդկության դեմ ռազմական ծանր հանցագործություններով, որոնք դեռ չեն արժանացել համաշխարհային հանրության պատշաճ գնահատականին ու չեն դատապարտվել ու պատժվել միջազգային իրավունքի նորմերով ու դրույթներով։

Պատերազմի հետևանքը եղավ Արցախի աստիճանական բռնազավթումը, բնակչության հայրենազրկումը, մարդկային մեծաթիվ զոհերի վիճակագրությունը, նյութական ահռելի ռեսուրսների զավթումը, ռազմագերիների ապօրինի պահումը։ 3 տասնամյակում Արցախի դեմ Բաքվի մղած 3-րդ պատերազմը սկիզբ դրեց ՀՀ անվտանգային համակարգի թուլացմանն ու նոր ագրեսիայի ռիսկերի ավելացմանը: Այս ամենին գումարվեց ՀՀ իշխանության անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, որով 2022թ. հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում և փաստացի օրինականացրեց Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը։

Հայ հանրությունն ակնկալում և սպասում է պատերազմի պատճառների ու հետևանքների մասնագիտական մանրազնին քննության և իրական արդարադատության։ Պատերազմի ամբողջական հանգամանքները անաչառ կերպով կարող են քննվել միայն ՀՀ դատական ատյանների կողմից և միայն ազգային իշխանության հաստատումից հետո: Սա անհրաժեշտ է համայն հայության գոյության պաշտպանության և հետագայում Հայկական պետականության դեմ մարտահրավերին պատրաստ լինելու, հակահայկական ցեղասպանական ծրագրերին դիմագրավելու, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական անվտանգային առաջնահերթությունները սահմանելու, մեր շահերը ձևակերպելու, պետական և ռազմական հանցագործներին պատժելու և արդար խաղաղության հասնելու համար։ Էթնիկ զտման հանգամանքների քննությունը կարևոր է նաև ՀՀ արտաքին քաղաքականության ճարտարապետության վերակառուցման և դաշնակիցներին հետ նոր որակի հարաբերությունների հիմք ստեղծելու համար։

Արցախի հարցը փակված չէ ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ դաշնակից և գործընկեր պետությունների համար։ Արցախի էթնիկ զտման բոլոր հանգամանքների քննությունն է միայն որ կարող է միջազգային իրավունքի տառին համաձայն հիմնավորել հայերի Արցախ վերադառնալու բոլոր հիմքերը։ Սակայն հարցի լուծման առաջին և առանցքային քայլը դա ՀՀ-ում ազգային իշխանության հաստատումն է, որի շնորհիվ ՀՀ-ը կդառնա լիարժեք հետևողական և պահանջատեր սուբյեկտ։

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամն իր բոլոր ջանքերն ուղղելու է վերը նշված նպատակների իրականացմանը` հանուն պետականության վերականգնման և հզորացման, արդար հայկական հասարակության կերտման։

Մեր խորին ցավակցությունը 44-օրյա պատերազմում անմահացած զոհերի հարազատներին:

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամ