ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է՝ հրաժարվում են Արցախյան հարցից․ Սահմանադրագետ
Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը, որից պարզ դարձավ, որ ՍԴ-ն պարզապես հրաժարվել է Անկախության հռչակագրից։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝, անդրադառնալով հարցին, գրում է․
Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ նետված բաժանարար թեմաներով։
Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը։
Ի՞նչ է տեղի ունեցել․ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ Անկախության հռչակագիրը համադրելով «զավակին խժռող ծնողի», հրաժարվել է դրանում ամրագրված մի շարք սկզբունքներից։ Մասնավորապես՝ ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից։
«3.7. Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլեւս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։