29 Հուլ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոսպիտալացված 19-ամյա զինվորին դաժան ծեծե՞լ են․ իրավապաշտպանն ահազանգում, ՊՆ-ն հերքում է տեղեկությունը

Հոսպիտալացված 19-ամյա զինվորին դաժան ծեծե՞լ են․ իրավապաշտպանն ահազանգում, ՊՆ-ն հերքում է տեղեկությունը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգել է բանակի հերթական միջադեպի մասին․ Facebook-ի իր էջում նա գրել է, որ Ջերմուկի զորամասերից մեկում 19-ամյա ժամկետային զինծառայող Ա․ Հ․-ի դաժան ծեծել են։ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ տղայի վիճակն այնքան ծանր է եղել, որ նրան ստիպված տեղափոխել են Կանազի հոսպիտալ՝ դեպքից 10-ն օր հետո միայն։

«Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է մոտ մեկ- երկու շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված, և, կարծես, չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով՝ ծեծի հեղինակը սպայական կազմից է»,- ընդգծել է իրավապաշտպանը՝ օմբուդսմենին հորդորելով արձագանքել դեպքին։

Պաշտպանության նախարարությունը հերքել է տղային ծեծելու տեղեկությունը, հաստատել՝ նրան հոսպիտալացնելու հանգամանքը։

«Զինվորական հոսպիտալ է ընդունվել առողջական այլ խնդրով։ Պատրաստ ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով։

Զինծառայող Ա. Հ.-ն գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, նրա առողջական վիճակը լավ է, և անհանգստացնող որևէ խնդիր չկա»,- ավելացրել են պատասխանատու գերատեսչությունից։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026